Առայժմ դժվար է հասկանալ, թե որքան կլինի Հանրային հեռուստաընկերության նոր քաղաքական թոք շոուն, ինչքան կյանք կունենա՝ զուտ հանրաքվեի նախաշեմին ստեղծված հարթա՞կ է, որը կփակվի հանրաքվեից հետո, թե՞ ավելի հարատև պրոյեկտ կդառնա, սակայն այս պահի դրությամբ կարելի է արդեն երկու կարևոր դիտարկում անել։
Մի կողմից, հաղորդման ֆորմատն ու մակարդակը լավն էր։ Լինելով թոք շոու՝ այն չէր կրկնում հայկական թոք շոուների ստանդարտ սխալը, երբ, կարճ եթերային ժամանակ ունենալով, հրավիրում են անթիվ-անհամար հյուրեր, և մարդիկ հաճախ ժամանակ չեն ունենում իրենց ասելիքը տեղավորել եթերային ժամանակի մեջ, ու հաճախ նրանց հերթ էլ չի հասնում։ Հետո՝ գովելի է հենց քաղաքական թոք շոուի ֆորմատը, որտեղ լուրջ նշանակություն և ակտուալություն ունեցող ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցեր են քննարկվում, այլ ոչ թե արհեստական կուսաթաղանթների ու կին թամադաների պես հիմար հարցեր։
Հիմա հաղորդման թերության մասին. Աշոտյանը պրոյեկտի ամենաթույլ օղակն է։ Ու հարցն այն չէ, որ հեռոուստադիտողների մի մասի համար նա ընդունելի կամ անընդունելի է՝ որպես ԿԳ նախարար։ Հարցը նույնիսկ այն չէ, որ ինքը ՀՀԿ-ի փոխնախագահ է, կամ էլ այն, որ նախարարին այդքան էլ հարիր չէ հաղորդավարի կարգավիճակում լինել։ Խնդիրն, ըստ իս, նրանում է, որ Արմեն Աշոտյանը, լինելով խարիզմայից մեղմ ասած ոչ զուրկ ու բավականին թրծված բանախոս, ոչ մի կերպ չէր կարողանում հարմարվել նման թոք շոուների հաղորդավարների համար միակ ընդունելի՝ մոդերատորի ֆորմատին։ Եվ դա զարմանալի չէ, որովհետև Բժշկական համալսարան ավարտած ու պետական կառավարման ոլորտում կարիերա արած մարդն ամենևին պարտավոր չի լավ հաղորդավար էլ լինել, ինչպես պարտավոր չէ լավ սանտեխնիկ կամ էլ երկրաբան լինել։ Այլ կերպ ասած, Աշոտյանը չի տիրապետում մասնագիտական նրբությունների, որ պետք է ունենա թոք շոուների հաղորդավարը, էլ չխոսենք այն մասին, որ նա ավելի ակտիվորեն էր բանավիճում Արմեն Մարտիրոսյանի հետ, քան դա անում էր Խոսրով Հարությունյանը։
Եզզրակացություն. թոք շոուն լավն է, կուզենայի, որ այն լիներ ու որակը չփոխեր, իսկ հաղորդավարը վատն էր, ու կամ պետք է փոխել հաղորդավարին (ի վերջո, Ամենայն հայոց Աշոտյանից բացի էլի հաղորդավարներ կարելի է գտնել, ովքեր ավելի պատրաստված կլինեն ու ավելի փորձառու), կամ էլ Աշոտյանը պետք է փոխի իր հաղորդավարության ռազմավարությունը, որոպեսզի թոք շոուն չվերածվի մեկ արտիստի թատրոնի, ու մարդիկ տպավորություն չունենան, որ Աշոտյանի անձնական բենեֆիսն են նայում։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2015/11/video.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել