Lragir.am-ը գրում է․
Ո՞վ է «պատվիրել» Հայաստանում սահմանադրական փոփոխությունները. Արեւմու՞տքը, թե Ռուսաստանը

Հայաստանի հասարակական-քաղաքական ասպարեզում դեռ քննարկվում է Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի Երեւանյան այցի հետ կապված պատմությունը: Ինչպես հայտնի է դարձել, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Մատվիեկոյին խնդրել է կոչ անել հայ գործընկերներին չփոխել Սահմանադրությունը, որին նա պատասխանել է, որ դա Հայաստանի ինքնիշխան գործն է:

Ընդունված է կարծել, որ Հայաստանում քիչ թե շատ նշանակալի նախաձեռնություններն արտաքին ուժերի «պատվերն են», եւ հիմա շատերը հարց են տալիս, թե ով է «պատվիրել» սահմանադրական փոփոխությունները Հայաստանում՝ Ռուսաստա՞նը, թե Արեւմուտքը: Դատելով Մատվիենկոյին Լեւոն Զուրաբյանի դիմումից, ՀԱԿ-ը կարծում է, որ դա ԱՄՆ գործն է, եւ միայն Մոսկվան կարող է կանգնեցնել դա:

Իր հերթին, ուժեր կան, որոնք կարծում են, որ բարեփոխումների հեղինակը Մոսկվան է: Այդ եզրակացության հիմքում ընկած է այն, որ Սահմանադրությունը բարեփոխելու մտադրության մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցելու որոշման կայացումից հետո:

Կարծիքների այսպիսի բազմազանությունը խոսում է այն մասին, որ սահմանադրական բարեփոխումները, հնարավոր է, ներքին, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի անձնական նախաձեռնությունն է, եւ համաշխարհային կենտրոնները ստիպված են պարզապես դիրքորոշում հայտնել այդ նախաձեռնությանը:

Նախագահականից խորհրդարանական համակարգի անցումը, անկասկած, առաջին հերթին լուծում է Սերժ Սարգսյանի խնդիրները: Փոխելով քաղաքական համակարգը՝ Սերժ Սարգսյանը «ապահովագրում է» իրենց հաջորդ գերնախագահից:

Բարեփոխումների գլխավոր նպատակը, սակայն, դա չէ: Սերժ Սարգսյանն «ապահովագրում է» այն դեպքի համար, եթե Ռուսաստանը, ինչպես 2013 թվականի օգոստոսին, փորձի ստիպել հերթական հակապետական որոշումը կայացնել: Սարգսյանն իր վրայից հանում է պատասխանատվությունը եւ փորձում է բոլորի միջեւ կիսել այն: Այդ առումով նոր Սահմանադրությունում հիմնական կետը կլինի պարտադիր հանրաքվեն վերազգային կառույցներին Հայաստանի միանալու հարցով:

Անկասկած, եւ Ռուսաստանը, եւ Արեւմուտքը որոշակի վերաբերմունք ունեն Սերժ Սարգսյանի այդ մտադրությանը: Անկասկած, երկու կողմերին էլ ապագա գերնախագահի հարցը հետաքրքրում է միայն Հայաստանի քաղաքականության վրա ազդելու տեսանկյունից: Տարբերությունը միայն այն է, թե Արեւմուտքն ու Ռուսաստանն ինչի համար են օգտագործելու իրենց ազդեցությունը:

Հայաստանն անդամակցել է Եվրասիական միությանը, ՀԱՊԿ անդամ է եւ անվերապահ ընդունում է Մոսկվայի գերակայությունը: Սակայն, ինչպես ռուս վերլուծաբաններն են գրում, Մոսկվան Երեւանը համարում է ամենից անհուսալի գործընկերը, որը ցանկացած պահի կարող է «դուրս պրծնել»: Այդ պատճառով Մոսկվային պետք է ավելի ամուր կապել իրեն Հայաստանը: Կապելու մոտակա գործողությունը լինելու է համատեղ ՀՕՊ ստեղծումը, իսկ դրանից հետո կսկսվի «սերտ ինտեգրացիայի» փուլը, որը նշանակում է Հայաստանի փաստացի մուտք Ռուսաստանի կազմ: (Հիմա այդ գործընթացը տեղի է ունենում Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ, իսկ Ռուսաստանը Հայաստանին վաղուց մի շարքում է դասում այդ կազմավորումների հետ):

Հայաստանի գալիք իշխանությունը պետք է ծանր որոշում կայացնի, եւ Սահմանադրությունը փոխելու Սերժ Սարգսյանի մտադրությունը դրա հետ է կապված: Մոսկվան Հայաստանում կաջակցի սահմանադրական փոփոխություններին, եթե երաշխիքներ ստանալ, որ հանրաքվեին հայերը կողմ քվեարկեն Ռուսաստանի հետ սերտ ինտեգրացիային: Պատահական չէ, որ Մատվիենկոյի այցի օրերին սոցհարցման արդյունքներ հրապարակվեցին, որով Հայաստանի բնակչության 54.4 տոկոսը կողմ է, որ Հայաստանը մտնի Ռուսաստանի կազմ:

Այդ համատեքստում, Արեւմուտքը, ըստ էության, չպետք է որ աջակցի սահմանադրական փոփոխություններին: Սակայն հանրաքվեն կարող է պետք գալ այլ ոչ պակաս կարեւոր որոշումների համար:

Հայաստանին ծանր որոշումներ են սպասվում, եւ դրանք պետք է կայացնի հանրությունը հանրաքվեի միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել