Lragir.am-ը գրում է․
Եգիպտոսից վերադարձող ռուսական ինքնաթիռի կործանումից անցած մեկ շաբաթում մի քանի վարկած հաջորդեցին իրար։
Առաջինը ինքնաթիռի շարունակական տեխնիկական անսարքությունն էր։ Դա բոլորին ընդունելի թվաց. «Հետքի» ծավալուն վերլուծությունը հիանալի բացատրում է, թե ինչու, թեև խոսքը վերաբերում է մեկ ուրիշ՝ հայկական անձնակազմով ինքնաթիռի աղետին, Աֆրիկայում։
Հետո հայտնվեց ահաբեկության վարկածը, որը Ռուսաստանը սկզբում հեգնում ու մերժում էր որպես արաբական «Ալ ջազիրա» հեռուստաընկերության բարբաջանք։ Իրականում «Ալ ջազիրան» հիմնվում էր NBC-ին, որը ներկայացնում էր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի տեսակետը։ Ի վերջո, Պուտինը հրամայեց դադարեցնել օդային հաղորդակցությունը Շարմ-ալ-Շեյխի հետ։ Ավելին, ըստ CBS-ի, ռուսները պայթյունների վերաբերյալ փորձագիտական օգնություն են խնդրել ամերիկյան հատուկ ծառայություններից։
Երրորդ վարկածի համաձայն, ռուսական հատուկ ծառայություններն իրենք են աղետը կազմակերպել, քանի որ ուրիշ որևէ մեկը ֆիզիկապես հնարավորություն չուներ պայթուցիկ տեղադրել ինքնաթիռում։ Կարծիքը, որ հնչել է «Ալ ջազիրայի» փորձագետի կողմից, ավելի շատ դավադրության տեսության ոլորտից է, և գոյության իրավունք ունի, եթե պարզ լինի, թե ո՞րն էր ՌԴ շահը։
Շահը կարող էր լինել միայն արտագնա զբոսաշրջությունը սահմանափակումը։ Նախ և առաջ, իսլամի կամ իսլամական աշխարհի զգալի մասին պատերազմ հայտարարելուց հետո զբոսաշրջիկները դառնում են ահաբեկության թիվ մեկ թիրախ՝ ինչքան քիչ լինեն, էնքան լավ։ Ապա դա կխթանի ՌԴ ներքին տուրիզմը, որը չնչին է երկրի ահռելի չափերի համեմատ։
Արևմտյան պատժամիջոցները ահագին խեղճացրել էին ռուսներին. զբոսաշրջիկների ընդհանուր թվի կրճատման համեմատ աճել էին էժան ուղղությունները։ Եգիպտոս 2014-ին մեկնել է 3 միլիոն ռուս զբոսաշրջիկ, Թուրքիայում… 4,4 միլիոն մարդ, 5 տոկոսով ավելի, քան 2013-ին։
Ռուսները ծախսող են՝ հայերի նման խնայող չեն. եգիպտական ուղղության վտանգավորության բերումով զբոսաշրջիկների նոր հոսք կուղղվի Թուրքիա։ Հետևաբար, ըստ դավադրության տեսության տրամաբանության, ռուսական նոր ռազմական հարվածներ պետք է սպասել թուրքական ուղղությամբ։ Ինչը կհանգեցնի նոր աղետների, բայց այդտեղ ևս կսահմանափակի ուղևորաշրջանառությունը։
Նախապես ծրագրված էր, թե ոչ, դեպի Եգիպտոս զբոսաշրջության սահմանափակումը Կրեմլի այսօրվա ղեկավարության համար շահավետ էր ոչ միայն տնտեսապես. երբ մարդիկ միայն սեփական երկրից են տեղյակ, շատ ավելի հեշտ են կառավարվում։ Դա ցույց է տվել սովետական անցյալը, ցույց է տալիս հյուսիսկորեական ներկան։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել