««ՉԻ» տեղեկություններով՝ ահագին զվարճալի ընթացք է ունեցել հոկտեմբերի 23-ին Հայաստանի քննչական կոմիտեում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստը։ Նիստը, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, վարել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը։ Նիստից առաջ տեղի է ունեցել երդման արարողության՝ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ։
Մեր տեղեկություններով՝ երդման տնքստը գրել է Աղվան Հովսեփյանր, որը բաժանվել է բոլոր երդվող քննիչներին։ Եվ քանի որ նախատեսված է եղել, որ տեքստն առաջինը պետք է կարդա հեղինակն ու քննչականի գլխավոր պաշտոնյան՝ Աղվան Հովսեփյանը, տեքստում ցրված է եղել «ես՝ Աղվան Հովսեփյանս, երդվում եմ»։
Նույն տեքստով երդվելու են շտապել բազմաթիվ քննիչներ։ Շատերը վերցրել են կարդալիքը եւ իրենց անուն-ազգանվան փոխարեն նույնությամբ կարդացել են. «ես՝ Աղվան Հովսեփյանս»։ Մասնակիցների վկայությամբ՝ տեքստը նույնությամբ կարդացող ամեն քննիչի երդում ընդունվել է կոլեգաների ծիծաղի եւ համընդհանուր ուրախ մթնոլորտի պայմաններում։ Ասում են, որ քչերն են հասկացել, որ երդվելիս պետք է իրենց անուն-ազգանունը հնչեցնեն։ Եվ պատկերացրեք՝ խոսքը ոչ թե իքս դպրոցի շրջանավարտների վերջին զանգի արարողության, այլ, ուշադրություն՝ հանրապետության քննչական անձնակազմի երդման արարողության մասին է։ Դե պատկերացրեք, թե ինչ ուշադրությամբ և խելքի պաշարով են այս մասնագետները քննելու քրեական բազմաթիվ գործեր»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։