Հ1-ով նայեցի սահմանադրական հանրաքվեի քարոզչական հոլովակները: Ի՞նչ ասեմ... Բախտս բերել է... Կարծում եմ` քաղաքական մարքեթինգի ոլորտում ասպիրանտական ատենախոսություն պատրաստող մարդու համար սահմանադրական հանրաքվեն իսկական նվեր էր այս նեղ մաջալին...
Իմ համեստ հնարավորություններով մեկնաբանեմ հոլովակները.
1. «Ոչ»
Խոսում էր Լևոն Զուրաբյանը: Հոլովակը լավագույնն էր մեկ անձով ելույթ ունեցողների միջից: Լավագույն ասելով՝ նկատի ունեմ նկարահանման ձևը, օպերատրական աշխատանքը: Հոլովակի մեսիջները, սակայն, կարող են իրացվել ռադիկալ ՀԱԿ-ական ընտրազանգվածի շրջանում: Թեև պրն. Զուրաբյանը որոշ պրագմատիկ մտքեր էլ արտահայտեց, բայց չափից շատ էր «Մենք լավն ենք, դուք վատն եք» ընդհանրական ոճը, և չկային հստակ փաստարկներ:
2. «ՀՅԴ»
Հոլովակը մեկ անձի ելույթ չէր, ինչպես Ոչ-ի, ՕԵԿ-ի և ԲՀԿ-ի դեպքում: Սա, ըստ իս, առավելություն է: ՀՅԴ հոլովակը հիմնականում ազդեցություն կունենա սեփական էլեկտորատի վրա: Տատանումներով, բայց ամեն դեպքում որոշակի կայունություն ունեցող ընտրազանգված կա, որը պարզապես կլսի Դաշնակցությանը: Հոլովակը երկար չէր, առանց անհասկանալի խուճուճ մտքերի ՀՅԴ-ն ասում էր ԱՅՈ ու բերում էր բովանդակային փաստարկ: Ի դեպ, ի տարբերություն ՈՉ-ի՝ ՕԵԿ-ի և ԲՀԿ-ի հոլովակում կային վիզուալ ինֆորմացիոն հոսքեր, որոնք զգալիորեն բարձրացնում են տեղեկատվության մատուցման արդյունավետությունը:
3. «ՕԵԿ», «Հայկական վերածնունդ»
Մեկ անձի ելույթ-հոլովակ էր: Սեղանի առաջ նստած պարոնն արագ ներկայացնում էր իրենց գաղափարները: Հռետորիկան միջինից ցածր մակարդակի էր. զգալիորեն զիջում էր Զուրաբյանին: Ամեն դեպքում, բովանդակային առումով ավելի փաստարկված էր, քան Ոչ-ի ելույթը: «ՕԵԿ»-ի հոլովակում վիզուալ ու լսողական առումով շատ բարդ էր ներկայացվում ՈՉ-ը:
4. «Այո»
Ամենաերկար հոլովակն էր, ինչն արդեն թերություն է: Միևնույն ժամանակ կարելի է ասել, որ ամենապրոֆեսիոնալ աշխատանքն էր: Մեսիջներն ազդեցիկ էին թե բովանդակային առումով, թե ունեին վիզուալ լավ ներկայացվածություն: Ամենից կարևորն այն էր, որ իշխանական շտապը բերում էր փաստարկներ, թե ԱՅՈ-ն ինչ առավելություններ կտա ինստիտուցիոնալ ընդդիմություն ձևավորելու հարցում: Վստահ եմ` շատերը մինչև վերջ չեն նայի այս հոլովակը, սակայն նայողների համար ազդեցության գործակիցը կլինի բարձր:
5. «ԲՀԿ»
Այս հոլովակը նման էր «ՕԵԿ»-ի հոլովակին: Տիկին Զոհրաբյանը վատ հռետորիկայով քարոզում էր ԱՅՈ-ի համար: Վիզուալ շեշտադրումներ չկային: