Tert.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 38-րդ նստաշրջանի ընթացքում հանդես է եկել ելույթով. տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Պարո՛ն Նախագահ,
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիայի պահանջներից է, որպեսզի կրթությունը նպաստի բոլոր ժողովուրդների, էթնիկական և կրոնական խմբերի միջև փոխըմբռնմանը, հանդուրժողականությանը և բարեկամությանը: Հաշվի առնելով կրթության ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի բացառիկ դերը՝ մենք կոչ ենք անում Կազմակերպությանն իր կրթական ծրագրերի շրջանակներում ձևավորել վերահսկողության մեխանիզմ, որը քննության կառնի և կգնահատի անդամ-պետությունների դասագրքերը՝ հատկապես պատմության և սոցիալական գիտությունների բնագավառներում՝ հատուկ շեշտադրում կատարելով խտրականության և այլատյացության բացառման վրա: Ադրբեջանը փորձում է աղճատել բազմադարյա հայկական ժառանգությունը, մշակույթը և պատմությունը: Այս երկրում սեփական պատմության վերաշարադրումը շարունակվում է այլոց մշակութային ժառանգության բռնի յուրացմամբ կամ ոչնչացմամբ, և նույնիսկ ավելին՝ հարևան ժողովուրդների մշակութային ժառանգության բռնազավթմամբ: Պետություն, որը դեռևս մեկ դար էլ չկա, ինչ հայտնվել է աշխարհի քաղաքական քարտեզի վրա, ոտնձգություններ է կատարում մի երկրի և ժողովրդի մշակույթի նկատմամբ, որի մի քանի հազարամյակների պատմությունը գրանցված է վաղնջական ժամանակներից:
Որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընտանիքի անդամ, մենք կողմնակից ենք ընդգրկուն կրթական համակարգի զարգացմանը, խտրականության ցանկացած արտահայտության բացառմանը, կրթության բնագավառում բոլորի համար հավասար հնարավորությունների ապահովմանը: Այս առումով կցանկանայի ընդգծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթական ծրագրերից և նախագծերից ոչ մեկին դուրս չթողնելու կարևորությունը՝ ներառյալ նրանց, ովքեր բնակվում են այն տարածքներում, որոնց քաղաքական կարգավիճակը որոշված չէ և ենթակա է կարգավորման համաձայնեցված բանակցային գործընթացների շրջանակներում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է երաշխավորի սեփական գործունեության համընդգրկուն բնույթը՝ առանց քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ այլ տեսակի խտրականության:
Պարո՛ն Նախագահ,
70 տարի առաջ ապագա սերունդների համար ավելի լավ աշխարհի կերտմանն ուղղված ընդհանուր նպատակը ձևավորեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմավորման հիմքը: Այնքան ժամանակ, որքան այդ նպատակները պահանջված կմնան, դրանց իրականացումը շարունակելու է խարսխված մնալ գործողությունների ներդաշնակության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքներին և սկզբունքներին լիակատար հավատարմության վրա: Կազմակերպությանը քարոզչական վիճաբանության մեջ ներքաշելու ցանկացած փորձ, որևէ երկրի քաղաքական օրակարգը այդ արժեքների հաշվին կամ ի հակասություն դրանց առաջ մղելու նպատակով, պետք է վճռականորեն և անհապաղ սաստվի:
Պարո՛ն Նախագահ,
Հայաստանը լիովին հավատարիմ է մնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքներին և նպատակներին և շարունակելու է ընդլայնել իր ներգրավվածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնություններին և ծրագրերին:
Շնորհակալություն»:



