Tert.am-ը գրում է.
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Ակցիզային հարկի» մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի ընդունմանը, ասաց, թե գտնում է, որ ակցիզային հարկի բարձրացումը բյուջեն լցնելու մի մեթոդ է, առավելևս, որ չենք կարող ավելացրած արժեքի հարկը ավելացնել:
Ինչ վերաբերում է հավանական թանկացումներին, ապա նա ասաց.«Միակ լավագույն հակակշիռը տնտեսությունը զարգացնելն է, և ժողովրդի գնողունակությունը բարձրացնելն է, որովհետև եթե ժողովուրդը գնողունակ լինի, ինքն արդեն չի ըմբոստանա»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության դրվեց և ընդունվեց «Ակցիզային հարկի» մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Արդեն իսկ պատգամավորները հաշվարկ էին արել, որ արդյունքում օրինակ՝ մեքենայի գազով լիցքավորումը մոտ 200 դրամով կթանկանա, բենզինի լիտրը՝ 7 դրամով, 10 տոկոսով էլ բարձրացվելու է ծխախոտի և խմիչքի հարկը:
«Եկող տարվա բյուջեն 400 միլիոնի չափ դեֆիցիտ ունի, որն ավելի շատ է, քան նախորդ կամ այս տարվանը, այդ դեֆիցիտը որտեղի՞ց պետք է լրացվի։ Հետևաբար պետությունը պետք է այդպիսի մեթոդներ կիրառի: 2016 թվականի բյուջեն ավելի փոքր է, քան 2015 թվականինը, թեև շատ խնդիրներ ունի կառավարությունը լուծելու»,-ասաց նա։
Գագիկ Մակարյանը պատահական չհամարեց, որ այդ փոփոխությունները հիմա են արվում, քանի որ աշունը միշտ լինում է ակտիվ՝ հարկերի փոփոխության առումով, որպեսզի 2016 թվականից արդեն նոր հարկերով սկսեն աշխատել:
Գագիկ Մակարյանը նաև նկատեց, որ ամբողջ աշխարհը պայքարում է ծխելու դեմ և շատ երկրներ գնում են ծխախոտի գների թանկացման: «Եվրոպական երկրներում ծխախոտը շատ թանկ է, Հայաստանում շատ էժան է, և աշխարհի ծխախոտի ինդուստրիան քիչ է նվազեցնում ծավալներն ու իր շուկաները որոնում է այն երկրներում, որտեղ ավելի շատ օրենքները թույլ են, որտեղ ակցիզային հարկը քիչ է, և որտեղ ժողովուրդը գիտակցական առումով ցածր մակարդակի է և շարունակում է մասսայական ծխել»,- ասաց նա և նշեց, որ Հայաստանում Վրաստանում, ասիական երկրներում ծխելը շատ տարածված է, իսկ Եվրոպայում այդքան չեն ծխում:
«Պետությունը երբ ակցիզային հարկը բարձրացնում է, ինքը դրանում որոշակի կանխարգելիչ նպատակ է դնում, և պետք է ոչ միայն բացասական դիտարկենք, որ ինքը հարկ է ավել վերցնում, այլ որ այդ ճանապարհով փորձում է կանոնակարգել ծխախոտի ծավալները»,- ասաց նա։
Գագիկ Մակարյանն ընդգծեց, որ ամեն տեսակի անորակ, ցածրորակ ծխախոտ թափանցում է մեր նման երկրներ և մարդիկ ծխում են ու առողջությանը ավելի մեծ վնաս են հասցնում: Բացի այդ, Գագիկ Մակարյանը կարծում է, որ դրա հետ մեկտեղ գաղափարախոսություն պետք է տարվի, որովհետև եթե ծխող մարդուն զրկում ես ծխելու իր քանակից, ինքը դրանից չհրաժարվելու համար կարող է ուրիշ ուղիներ գտնել և ավելի վատ ճանապարհներով գնալ:
Ինչ վերաբերում է գազի թանկացմանը, ապա Հայաստանի գործատուների միության նախագահն ասաց, որ, մասնավորապես գազի առումով այն կհարվածի փոքր և միջին խավի գրպանին: Նա նաև մտահոգիչ համարեց, որ հնարավոր է տաքսի ծառայության, երթուղայինի սակագներ բարձրանան և դրա լուծումը տեսնում է մարդկանց գնողունակության բարձրացման մեջ:
Խոսելով խմիչքների մասին՝ նա ասաց, որ հատկապես այդ ոլորտում կա շահութաբերության որոշակի մակարդակ, որը թույլ է տալիս ակցիզային հարկի միջոցով կանոնակարգել այն: «Հատկապես խմիչքի առումով, սա մի մոտիվացիա է, որ արտահանման դրդենք, քանի որ եթե ներսում ակցիզը դժվարացնում կամ թանկացնում է մեր ներքին առևտուրը, մենք կփորձենք արտահանման ճանապարհով գնալ, որովհետև արտահանման դեպքում մենք օգտվում ենք արտահանման հնարավորություններից»,-ասաց նա:
Գագիկ Մակարյանը նաև ընդգծեց, որ ծխախոտ և ալկոհոլային խմիչք վաճառելու համար համայնքները խանութներին թույլատվություն են տալիս եռամսյակը մեկ:
«Խանութում այդ լիցենզիան տրամադրում են համայնքները և դրանք բավականին բարձր են: Օրինակ՝ կենտրոնում եռամսյակը մինչև 40 հազար դրամ է, այսինքն՝ տարեկան 120 հազար դրամ ծխախոտի համար են մուծում, 120 հազար դրամ էլ ալկոհոլի, դրա համար փոքր խանութները սկսեցին դրանք չվաճառել: Իսկ ոչ կենտրոնական համայնքներում՝ 30-35 հազար է կազմում այդ լիցենզիան, տեղական համայնքներում նվազագույնը 25 հազար դրամ է, սակայն այսօր առևտրային ֆիրմաները բողոքում են, նույնիսկ ստորագրահավաք են արել, որ գները վերանայվեն»,-ասաց նա։
Ըստ Գագիկ Մակարյանի՝ այսօրվա վճարունակությունը և գնողունակությունը նվազել է, և չի կարելի 7 տարվա առաջ գները պահել: Նա գտնում է, որ այդ թույլտվության նվազեցումը կարող է որոշակի փոխհատուցում լինել:



