Բազմիցս խոսվել է ԵԱՏՄ տարածքում ապրանքների տեղափոխման խնդիրների ու դրանց լուծումների մասին: Օրերս ՀՀ կառավարության նիստում քննարկվել և հավանության է արժանացել «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների տեղափոխման և ներմուծման որոշ հարցերի մասին» արձանագրության վավերացման նպատակահարմարությանը և «Թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնի ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանման և ՀՀ տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողության իրականացումը կանոնակարգելու մասին» որոշման ընդունումը:
Ըստ վերը նշվածի՝ սահմանվում են ԵԱՏՄ տարածքում առանձին ապրանքների ներմուծման և տեղափոխման կարգավորման առանձնահատկությունները` կապված Ղազախստանի Հանրապետության՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու հետ:
Ընդունված արձանագրության դրույթները վերաբերում են այն ապրանքներին, որոնք ընդգրկված են երրորդ երկրներից Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների ցանկում, և որոնց հանդեպ Ղազախստանի Հանրապետության կողմից, ԱՀԿ-ի պարտավորություններին համապատասխան, կիրառվելու են ավելի ցածր մաքսատուրքի դրույքաչափեր:
Սպասումներ կան, որ ցանկում ներառված ապրանքները Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծման ժամանակ ձևակերպվելու են «ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով՝ Մաքսային Միության մաքսային օրենսգրքին համապատասխան, ինչի դեպքում Ղազախստանի Հանրապետությունը պարտավորվում է կիրառել համապատասխան միջոցներ` նշյալ ապրանքները մյուս անդամ երկրների տարածք տեղափոխումն արգելելու համար: Իսկ այն դեպքերում, երբ ցանկում ներառված ապրանքների հանդեպ ներմուծման ժամանակ մաքսատուրքերը վճարվում են ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներին համապատասխան մաքսատուրքերի դրույքաչափերով, այդ ապրանքները համարվում են ԵԱՏՄ ապրանքներ և կարող են ազատ տեղաշարժվել ԵԱՏՄ տարածքով:
Հատկանշական է, որ սահմանվում են նաև որոշ ապրանքների շրջանառության հանդեպ դիտարկման և հսկողության սկզբունքները, ինչպես նաև այդ ապրանքների հաշվառման, գրանցման և տեղեկատվության փոխանակման հարցում Ղազախստանի Հանրապետության պարտավորությունները: Մի շարք ապրանքատեսակների համար սահմանվում են լրացուցիչ պահանջներ, ինչն անհրաժեշտ է տնտեսական միության տարածքի շուկայի հավասարակշռվածությունը պահպանելու համար:
Հարկ է նշել նաև գործադիրի նիստում քննարկված մեկ այլ հարց՝ «Թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնի ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանման և ՀՀ տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողության իրականացումը կանոնակարգելու մասին» որոշումը միտված է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված իրավական ակտերից բխող համաձայնագրերի և որոշումների կիրառման պարտավորությունը կատարելուն:
Վերը նշվածի կարևորությունն ամբողջությամբ պատկերացնելու համար հարկ է նշել, որ այժմ թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղներից հանքանյութի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների՝ Հայաստանի տարածքից երրորդ երկրներ արտահանման և ՀՀ տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողություն չի իրականացվել: ՀՀ-ն, լինելով միասնական տնտեսական տարածքի անդամ երկիր, վերոնշյալ ապրանքների՝ ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետք է կիրառի պետական վերահսկողություն և տրամադրի պետական վերահսկողության ակտեր: