Fotor01006220817Մոսկվայի պետավտոտեսչությունը երեկ երեկոյան կանգնեցրել է դեպի Երևան ուղևորվող երկու մարդատար ավտոբուս։ Ըստ ՌԴ ներքին գործերի նախարարության Մոսկվայի բաժնի մամուլի պատասխանատու Անդրեյ Գալիակբերովի՝ ավտոբուսները լուրջ խնդիրներ են ունեցել արգելակների և ղեկի հետ կապված:

«Ստուգումների արդյունքում հայտնի է դարձել, որ դրանք տեխնիկական լուրջ խնդիրներ են ունեցել՝ կապված ղեկի և արգելակման համակարգերի հետ, ինչպես նաև փոփոխություններ էին արված ավտոբուսների գործարանային կառուցվածքում»,- հայտնել է Գալիակբերովը՝ հավելելով, թե վարորդներն ուղևորափոխադրումներ են իրականացրել առանց համապատասխան արտոնագրի և անվտանգության պահանջների կոպիտ խախտումներով:

Մինչդեռ Մոսկվայի ոստիկանության տուգանային հրապարակ տարված ավտոբուսներից մեկի՝ Երևան-Մոսկվա ուղևորափոխադրումներ իրականացնող «Ավազառ» ընկերության վարորդ Համլետ Համբակչյանը մեզ հետ զրույցում այսօր պնդեց, որ մեքենան անսարք չի եղել, ու խախտումներ չեն հայտնաբերվել։

«Իրենք ոնց ուզեն, էդպես կարող են ասել։ Իրենք ուզում էին ցույց տալ, թե աշխատում են, ես տենց հասկացա։ Մեր մեքենայում հայտնաբերել են ղեկի ձգություն, ասել են՝ պետք է մի մատով պտտվի, ձիգ է պտտվում, բայց նման մեծ մեքենայի ղեկը ոնց կարող է մի մատով պտտվել։ Նայել ենք տալու ղեկը ու վերադառնանք Երևան։ Վերացնելու ենք պարտադիր»,- ասաց նա։

Վարորդը պատմեց, որ երեկ՝ երեկոյան ժամը 6-ին, իրենց է մոտեցել ոստիկանությունը 2-3 մեքենայով, վարորդներին տարել են բաժին՝ ասելով, թե ուղևորների անձնագրերն են ստուգելու։ Իսկ մեքենան տարել են տեխզննման ու ասել՝ էս մեքենան չի գնալու։ «Ժողովրդին ասեցին՝ իջեք մեքենայի միջից, եթե չիջնեք, վարորդին 15 սուտկա կկալանավորենք, ժողովուրդն ասեց՝ չենք իջնում, տեղ չունենք գնալու, ոստիկաններն ասեցին՝ ՕՄՈՆ-ին բերելու ենք ձեր վրա կամ բոլորին դեպորտ կանենք, եթե չիջնեք մեքենայից»,- պատմեց վարորդը։

Մինչև գիշերվա 3-ը երկու մեքենաների վարորդները մնացել են ոստիկանությունում։ Վաղը երեկոյան նույն ավտոբուսը պատրաստվում է նույն ուղևորներով գալ Երևան։

Ոստիկանություն տարված ավտոբուսի ուղևոր, 63-ամյա Ռոբերտ Ստեփանյանը, ով աշխատում է Մոսկվայում, պատրաստվում է նույն ավտոբուսով գալ Երևան։ «Ես նորից նույն մեքենայով եմ գալու, չեմ կարծում, որ խնդիր լինի։ Փող ունենայինք, սամալյոտով կգայինք։ Գումարն է պատճառը։ Որտեղ խաբում են, որտեղ նեղացնում են, մի կերպ գումար ենք աշխատում»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ավտոբուսից իջեցված ուղևորը։

Ի դեպ, Մոսկվայի հայերի շրջանում շրջանառվող տեղեկություններով՝ Տուլայում ավտոբուսի վթարը տեղի է ունեցել ոչ թե վարորդի քնած լինելու պատճառով, ինչպես պնդում է ՌԴ ներքին գործերի փոխնախարարը, այլ բջջային հեռախոսի։ «Վարորդը քնած չի եղել, դա 100 տոկոսով կարող եմ ասել, կողքը մարդ է եղել, երեկ ժողովրդից էդ մարդկանց մոտից էին գալիս հիվանդանոցից, էդ վարորդի կողքը նստած կին է եղել, էդ կինն ասել է, որ էսպիսի խնդիր է եղել, հեռախոսն է ընկել կաբինայի մեջ։ Մենք էդպես ենք լսել»,- ասաց «Ավազառ» ընկերության վարորդ Համլետ Համբակչյանը՝ հավելելով, որ վաղը երեկոյան շարժվում են Երևան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել