Araratnews.am-ը գրում է.
«Տասը հիվանդներ Գրիգոր Լուսավորիչ են դիմել մինչեւ առավոտյան ժամը 9:00-ն, ամբողջ գիշերվա ընթացքում այն հիվանդները, ովքեր կարող էին բուժումը շարունակել տնային պայմաններում այս պահին արդեն դուրս են գրվել, ամբուլատոր կարգով հինգ հիվանդ շարունակում են մնալ հիվանդանոցային պայմաններում,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` ներկայացնելով Տուլայում ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի մասին նոր տեղեկություններ:
Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ 12 հիվանդ շարունակում են իրենց բուժումը ՌԴ-ում, երկուսի վիճակը մտահոգիչ է, քանի որ ծայրահեղ ծանր է: «Առավոտյան եմ խոսել, մեկ հիվանդ պետք է ուղղաթիռով տեղափոխվի Մոսկվա: Մեկ այլ հիվանդի վիրահատությունը երեկ երեկոյան ավարտվեց: Փոխնախարար Միրիջանյանը մնացել է Տուլա քաղաքում, որ կոորդինացնի այդ աշխատանքերը»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, ութ մարդ մահացել է:
Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է:



