Մի քիչ ամպագոռգոռ է հնչում ճակատ կամ ճամբար բառերը սահմանադրական հանրաքվեի անցկացման առնչությամբ ձևավորված ԱՅՈ-ի և ՈՉ-ի կողմնակիցների համար, բայց փորձենք մի քիչ «առատաձեռն» լինել այդ հարցում: Իրականության մեջ, եթե իրոք սահմանադրական փոփոխություններն օրախնդիր լինեին պահանջվածության տեսակետից, ապա կարծում եմ՝ ժամ առաջ երկու ճամբարներում էլ պետք է լծվեին քրտնաջան աշխատանքի քարոզչության մասով: Իսկ իրականությունն այսօր այն է, որ և՛ ԱՅՈ-ի, և՛ ՈՉ-ի ճամբարներում իմաստալից լռություն է, հարաբերական անդորր: Իմաստալից եմ անվանում լռությունը, քանզի հազիվ թե որևէ մեկն ուզենա, և դա նրա մոտ ստացվի, որ «ազնվորեն» ժողովրդին ուզենա բացատրել, համոզել, որ նույն այդ ժողովրդի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում հայտնվելու համար տեսնեն գործող սահմանադրության մեղքի բաժինը, կամ բոլոր բնագավառներում, բացառությամբ, իհարկե, գնաճի և արտագաղթի ու աղքատության չափերի աճի, ձախողումներ արձանագրած իշխանությունների համար բոլոր ձախողումների միակ արգելակող ուժը, միակ մեղավորը գործող սահմանադրությունն է, որում ենթադրաբար պիտի որ լինեն հոդվածներ, որոնք արտոնում են մենաշնորհները, արգելում են մրցակցային դաշտի կայացմանը, խթանում են արտագաղթի և աղքատության տեմպերի և չափերի աճին և այլն... Բայց իրականում նման հոդվածներ չկան, փոխարենը կան երկիրը ժողովրդավարական, իրավական, սոցիալական ազդարարող և այլ նմանատիպ կետեր:
Ոչ-ի ճակատում չնայած միավորված են թվով շատ քաղաքացիական նախաձեռնություններ, կուսակցությունիկներ, հասարակական կառույցներ, բայց իրականում մարդկային ռեսուրսի առումով այն չափազանց ցանցառ է, սակավաթիվ՝ կողմնակիցներով: Իսկ այդ ճակատից հնչող հիմնական մեղադրանքները գործող իշխանության մենաշնորհի պահպանմանն են ուղղված, գործող նախագահի առանցքային դերին հանրաքվեով իբր երաշխավորվող: Մնում է հարգելի ոչ-ականներին հիշեցնել, որ գոնե մի հարցում իշխանություններն ազնիվ են գտնվել, և դա լավ երևում է հասարակ մարդուն, ՀՀ քաղաքացուն, դա այն է, որ գործող սահմանադրությամբ էլ առանձնապես այդ մենաշնորհը վտանգված չէ, և որ նույն ընդիմությանը հաջողվել է բազմակի անգամ հիասթափեցնել նույն ժողովրդին: Իսկ իշխանությունների մասով ուղղակի հույսեր երբեք էլ չեն եղել ու չկան ժողովրդի մոտ, և հիասթափության մասին, բնականաբար, խոսք լինել չի կարող:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել