Tert.am-ը գրում է.

Բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցի ընդունման անհրաժեշտության մասին, ըստ էության, որևէ ռեալ գնահատական չի հնչել. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը՝ խոսելով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից այսօր ընդունված և լիագումար նիստ տեղափոխված  Ուոլթերի զեկույցիմասին։

Ըստ նրա, միայն նշվել է, թե մեկ տարի է անցել և սահմաններում սուր իրավիճակներ են, և մենք պարտավոր ենք միջամտել և վերաբերմունք ցույց տալ: «Մենք բազմաթիվ արգումենտներ են ներկայացրել, որ մի կողմից պատվերով զեկույցներ նախկինում ևս ունեցել ենք, և փորձը ցույց է տալիս, որ նման զեկույցները որևէ  ազդեցություն, որևէ  ներդրում իրավիճակի բարելավման, վստահության ամրապնդման առումով չեն ունենում, պարզապես դառնում են դարակներում դրված, արխիվներում լրացված նյութեր և դրանք էականորեն նաև նվազեցնում են ԵԽԽՎ հեղինակությունը»,- ասաց Նաղդալյանը: 

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախագահն ընդգծեց, թե այսօր իրականում ԵԽԽՎ-ն՝ շնորհիվ թուրք- ադրբեջանական տանդեմի, նրանց լոբբիստական երկրների և նրանց կողմից կատարվող լուրջ ֆինանսական ներդրումների, դարձել է միջազգային կազմակերպությունների մեջ այն միակը, որը սևը սպիտակի տեղ է ցույց տալիս և հակառակը:

«Այս կազմակերպությունը բացարձակապես հաշվի չի նստում փաստերի հետ և որևէ  երևույթի ռեալ գնահատական չի կարողանում տալ»,- ասաց նա և հիշեցրեց թե այն դեպքում, երբ միջազգային բոլոր կազմակերպությունները Ադրբեջանի այս էլ որերորդ ընտրությունները և ընդհանրապես ժողովրդավարական վիճակը խայտառակ են  համարում, միայն ԵԽԽՎ-ն է, որ  դրանք իդեալական և հրաշալի են որակում:

Հերմինե Նաղդալյանը հաստատեց, որ հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը ևս հայտարարել է, որ իր տպավորությամբ, ինքը գտնվում է ոչ թե Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում, այլ ՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսում: Իսկ թե այդ հայտարարությանը արձագանք եղել է, պատասխանեց, որ ոչ: «Բացարձակապես ոչ մի արձագաք չի հնչել»,- ասաց նա: 

Նա նշեց, որ հայկական պատվիրակության ներկայացված առաջարկները, որ նոր զեկուցող նշանակվի, ով կլինի ավելի օվբեկտիվ, մերժվել է: «Մենք ներկայացրել ենք փաստեր բրիտանական, ամերիկյան մամուլից, ամերիկյան Կոնգրեսի քննարկման մասերից, որ զեկուցողն ունի բավական լուրջ շահերի բախում Ադրբեջանի հետ, իր կնոջ միջոցով կատարվող ներդումային ծրագրերին է մասնակցում, ինչը ԵԽԽՎ կանոնակարգի համապատասխան՝ անհամատեղելի է, քանի որ կանոնակարգը պահանջում է, որ զեկուցողներն իրենք և իրենց ընտանիքի անդամները ընտանեկան և անձնական մակարդակում չունենան որևէ  տնտեսական , ֆինանսկան և այլ տիպի ընդհանրություններ այն երկրների հետ, որոնց մասին զեկույց են ներկայացնում:

 Այդուհանդերձ Նաղդալյանը նշեց, որ այս հակահայ զեկույցով Ադրբեջանը փորձում է հերթական անգամ իրեն անհրաժեշտ ձևակերպումներն ունենալ, ինչը հայկական պատվիրակությունը  լիագումար նիստի ժամանակ կփորձի իրավիճակը շրջել:

 Նաղդալյանը հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ նույն իրավիճակն էր, երբ Ադրբեջանը փորձում էին  մեկ այլ զեկույց տանել իրենց համար անհրաժեշտ ձևակերպումներով, ինչը, սակայն, հայկական պատվիրակությանը հաջողվեց լիագումար նիստին հակազդելով թույլ չտալ:

 «Սա հերթական փորձն է, և կարծում եմ դեռ նման փորձեր կունենանք և պետք է մեր ուժերը ևս կենտրոնացնելով աշխատանք կատարելով ԵԽԽՎ պատվիրակների այն տրամաբանող, ազնիվ, շիտակ մարդկանց հետ, ովքեր գնահատում են թե՛ կազմակերպության հեղինակությունը, թե՛ անձնական հեղինակությունը, նաև նրանց միջոցով փորձել լիագումար նիստի ժամանակ իրավիճակը շուռ տալ»,- ասաց նա:

 Հիշեցնենք, որ ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկման էր դրվել «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցի նախագիծը։ Նախագծի՝ Լեռնային Ղարաբաղի մասին զեկույցում հայկական կողմի համար անընդունելի ձևակերպումները փոխվեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել