Tert.am-ը գրում է.
Եգիպտոսի պատկան մարմիններն ընդլայնել են Սինայի թերակղզում А321 ինքնաթիռի կործանման վայրում որոնողական աշխատանքների իրականացման տարածքը, ինչից հետո հայտնաբերվել են փաստաթղթեր ու այլ նյութեր, որոնք քննության համար կարևոր են եղել. ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն՝ այդ մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։
«Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարի խնդրանքով՝ էապես ընդլայնվել է որոնողական գործողությունների տարածքը։ Դրա շնորհիվ քննիչները Ռուսաստանի ԱԻՆ մասնագետների օգնությամբ հայտնաբերել են փաստաթղթեր, իրեր ու նյութեր, որոնք նշանակություն ունեն քրեական գործի համար»,-ասել է նա։
Մարկինի խոսքով՝ հայտնաբերված բոլոր օբյեկտները պետք է ուսումնասիրվեն Եգիպտոսի մարմինների աշխատակիցների հետ համատեղ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի ԱԻՆ-ը խնդրել է ընդլայնել А321-ի կործանման վայրում որոնողական աշխատանքների իրականացման տարածքը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ի առավոտյան Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանած ինքնաթիռը կործանվել էր Սինայի թերակղզում։ Ինքնաթիռի 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել են։



