Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին այցելել է ԼՂՀ պաշտպանության բանակի սպաների համար մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող նոր բնակելի թաղամաս եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի զինծառայողների սոցիալական եւ կենցաղային հիմնախնդիրների լուծումը եղել է եւ կմնա պետության առաջնային խնդիրներից մեկը՝ հավելելով, որ այս ուղղությամբ ծրագրերի իրականացումը կլինի շարունակական:
Նախագահ Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել թաղամասի կառուցման վերջնական փուլում շինարարության բարձր որակի եւ տեմպերի պահպանման ուղղությամբ: Նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք: