Panorama.am-ը գրում է.
Քանի որ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին տարիներին դարձել են ավելի լարված, ռազմավարական դաշինքից անցնելով բացահայտ թշնամության, ապա շատ վերլուծաբաններ սկսել են զարմանալ Իսրայելի կառավարության ոչ բնորոշ զուսպ արձագանքի վրա՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հակասեմական ելույթներին և հակաիսրայելական գործողություններին:
Այս պայմաններում հայերը և նրանց կողմնակիցները զարմացած են վարչապետ Բենիամին Նեթանյահուի շարունակական մեղսակցությունից՝ թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտման և Կնեսետում (խորհրդարան) դրա ճանաչման արգելափակման գործում:
Մերձավոր Արևելքի որոշ փորձագետներ երկու բացատրություն ունեն Իսրայելի տարօրինակ դիրքորոշման վերաբերյալ.
1) Չնայած Իսրայելի և Թուրքիայի միջև առկա առերևույթ ատելությանը՝ երկու երկրները շարունակում են իրենց հետախուզական տվյալների գաղտնի փոխանակումը և զենքի առևտուրը:
2) Ադրբեջանը՝ Թուրքիայի կրտսեր եղբայրը, ագրեսիվ դեր է ստանձնել ճնշելով Իսրայելի վրա Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար, որպես լծակ օգտագործելով իսրայելական առաջադեմ զենքի միլիարդավոր դոլարների գնումը՝ Իսրայելին ապահովելով խիստ անհրաժեշտ նավթամթերքներով և տրամադրելով Ադրբեջանում բազա՝ Իրան ներթափանցելու և լրտեսելու համար, որի հետ նա ունի 700 կմ սահման:
Իսրայելի կառավարությունն այնքան գերզգայուն է դարձել Ադրբեջանի թելադրանքներին, որ վերջերս Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Երուսաղեմ կատարած այցի ժամանակ, հակառակ Իսրայելի արտգործնախարարի դժկամությանը, պարոն Նալբանդյանը կարողացավ հանդիպել Իսրայելի նախագահի հետ:
«Երուսաղեմ փոստ» թերթի նոյեմբերի 1-ի համարում մի հոդված լիովին ցույց է տալիս Իսրայելի՝ Ադրբեջանին հաճոյանալու աստիճանը: Այն ժամանակ, երբ արևմտյան խմբերի մեծ մասը, ներառյալ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), հրաժարվեց դիտորդ ուղարկել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին Բաքվի կիրառած սահմանափակումների պատճառով, Իսրայելի Կնեսետի չորս անդամներ շտապեցին Ադրբեջան՝ ցույց տալու իրենց աջակցությունը Ալիևի բռնատիրական վարչակարգին... Իսրայելի նախկին արտգործնախարար, այժմ Իսրայել-Ադրբեջան խորհրդարանական խմբի նախագահ Ավիգդոր Լիբերմանի գլխավորած պատվիրակության կազմում էին ԱՄՆ-ում Իսրայելի նախկին դեսպան Մայքլ Օրենը, Սոֆա Լանդվերը և Յոել Ռազբոզովը:
«Երուսաղեմ փոստը» հաղորդում է, որ Լիբերմանը, որպես արտգործնախարար «աշխատել է ամրապնդել Իսրայելի կապերն Ադրբեջանի հետ», և մեջբերել է Բաքվում ասված նրա խոսքերը, որ այն «Իսրայելի համար կարևոր երկիր է և լավ բարեկամ.... Նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ, [Ադրբեջանը] հայտնի էր հրեական համայնքի նկատմամբ իր լավ վերաբերմունքով, և այնտեղ հակասեմիտիզմ չկա: Մենք պետք է շարունակենք ամրապնդել մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ»: «Ազերնյուս» գործակալությունը ևս մեջբերել է Ընտրական լրատվական կենտրոնին հայտնած նրա խոսքերը, որ Ադրբեջանը «հանդիսանում է ժողովրդավարության, կայունության և հաջող արտաքին քաղաքականության օրինակ»: Նման անհեթեթ և կեղծ հայտարարություններն անընդունելի են իրազեկ մարդկանց մեծ մասի կողմից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



