Tert.am-ը գրում է.
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը Tert.am-ի հետ զրույցում խոսելով այն մասին, որ Եվրամիության հանձնաժողովը մանդատ է ստացել, որպեսզի սկսի բանակցությունները Հայաստանի հետ, տեսակետ հայտնեց, որ բովանդակին տեսակետից, նոր փաստաթուղթը կշարունակի Ասոցացման համաձայնագրին, պարզապես չնչին տարբերությամբ՝ բոլոր կետերը, որոնք տնտեսական չեն, և որոնք բանակցված և ավարտված էին, իսկ տնտեսականների մասով՝ կշարունակվի այն ամենը, ինչն ուղղակիորեն չի հակադրվում ԵՏՄ–ի առջև ՀՀ ստանձնած պարտավորություններին:
-Պարո՛ն Բեքարյան, Եվրամիության հանձնաժողովը մանդատ է ստացել, որպեսզի սկսի բանակցությունները Հայաստանի հետ: Ի՞նչ ակնկալիքներ կարելի՞ է ունենալ գործընթացից և ինչքա՞ն կտևեն այդ բանակցությունները մինչև շոշափելի արդյունք գրանցվի:
- Այո՛ բարձր մակարդակով ֆիքսվեց, որ մանդատը փաստացի հաստատված է և մինչև տարեվերջ հաստատվեց, որ բանակցությունները կսկսվեն: Ակնկալիքները պետք է դառնա բազային, իրավապայմանագրային հիմք՝ Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների հետագա զարգացման: Իմաստային, բովանդակին տեսակետից, կարծում եմ՝ ինքը կշարունակի Ասոցացման համաձայնագրի չնչին տարբերությամբ բոլոր բլոկները, որոնք տնտեսական չէին, և որոնք բանակցված և ավարտված էին, իսկ տնտեսականին առնչվողից՝ կշարունակվի այն ամենը, ինչն ուղղակիորեն չի հակադրվում Եվրասիականի հետ մեր ստանձնած պարտավորությունների հետ: Այսինքն՝ պայմանական ասած՝ նոր համաձայնագիրը կլինի բովանդակային առումով «ասոցացում մի քիչ մինուս, տնտեսական բախվող էլեմենտներով»: Ի՞նչ կվերնագրվի և ի՞նչպես՝ դա արդեն երկրորդ խնդիր է և այս պահին այդքան էլ էական չի: Ինչ վերաբերում է խնդրին, թե ինչքան կտևի, հույս ունեմ, որ դա շատ երկար չի ձգձգվի՝ հաշվի առնելով այն, որ դրույթների հիմնական մասը բանակցվել է և եղել է Ասոցացման համաձայնագրի ներքո:
-Չնայած Ձեր լավատեսությանը, որ բանակցությունները շատ չեն ձգձգվի, այդուհանդերձ տեսակետներ են հնչում, որ մինչև չհստակեցվի ԵՄ-ի և ՌԴ-ի փոխհարաբերությունները, պետք չէ լուրջ ակնկալիքներ ունենալ:
-Իհարկե, այդ գործոնները բոլորն էլ հաշվի են առնում, բայց այդ գործոններով պայմանավորված չէ կյանքը միայն: Ամեն ինչ բնականոն պրոցես է, մենք զրոյից չենք բանակցում, ՌԴ-ն մեր մոտեցումներին շատ լավ տեղյակ է, և, հետևաբար, նույնը կարելի է ասել հակառակ նշանով: Այսինքն՝ կան դեպքեր, երբ ուժային կենտրոնների համար համագործակցային առարկա դաշտերը մեծ նպաստ են բերում, որովհետև ոչ ոք չի ուզում մյուսի հետ կամուրջներն այրել մինչև վերջ: Եվ, հետևաբար, բերել ամեն ինչը տեսություններով կապել իրար և դրա մեջ սարքել պատմություն, երբ տեղից խոչընդոտները քիչ չեն և արհեստական խոչընդոտներ ավելացնել, ես դրան կողմնակից չեմ:
-Ասացիք, որ տնտեսական բաղադրիչը նոր պայմանագրում կպարունակի այնքան, որքան չի հակադրվում ԵՏՄ-ի հետ մեր ստանձնած պարտավորությունների հետ, իսկ, ըստ Ձեզ, այդ հակասությունները շա՞տ են, թե ոչ:
-Ո՛չ դրանք շատ չեն, առավել ևս ի սկզբանե, ըստ սահմանման, շատ չեն կարող լինել, շատ պարզ պատճառով, որովհետև ԵՏՄ-ն իր հիմքում ունի Առևտրի համաշխարհային կազմակերպության ամբողջ նորմատիվները, նույն հաջողությամբ ԵՄ-ի ողջ տնտեսական նորմատիվները կառուցված են ԱՀԿ-ի նորմատիվների վրա: Եվրոպական երկրները հիմնականում ԱՀԿ-ի անդամ են, ՌԴ-ն էլ անդամ է, մենք անդամ ենք և այլն, այսինքն՝ բազիսային հիմքերի մեջ այնքան են նաև էլեմենտները, որ մասնագիտական մեծ հակասություններ փնտրելն այդքան էլ ճիշտ չի լինի: Կլինեն բախվող դրույթներ, այնպես չի, որ չեն լինի, որովեհտև ամեն կառույց իր ճանապարհով է ընթացքը տանում և այդտեղ կան որոշակի խնդիրներ, բայց ասել, որ դա կլինի տնտեսական բլոկի հիմնական մասը, դա բոլորովին էլ այդպես չէ: Կոպիտ հաշվարկով՝ կարծում եմ՝ կլինի մեկ երրորդից էլ քիչ քանակով ընդհանուր դաշտի կարգավորիչների տարբերությունը:
-Հայտնի է, որ ԵՏՄ-ն ԵՄ-ին առաջարկել է ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման բանակցություններ սկսել: Եթե ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև լեզու գտնվի՞ տնտեսական համագործակցության, այստեղ մենք կարո՞ղ ենք ասել, որ գրեթե հակասություն չի մնում:
- Նայած հակասություն ասելով ինչ ենք հասկանում, ես չեմ խոսում քաղաքական հակասությունների մասին Ռուսաստան-Արևմուտք, խոսքը վերաբերում է պարզ իրավական նորմերին, մասնագիտական ոլորտային դաշտին, այսինքն՝ ամեն ինտեգրացիոն կառույցն իր որոշակի նորմն ունի, որից էլ առաջանում է հետևյալը, կան բաներ, որոնք համընկնում են, կան բաներ, որոնք տարբեր ձև կարող են մեկնաբանվել, հետևաբար պետք է նստել աշխատել, արդյունքում կարող է իրենք դառնան համընկնող, կամ էլ բախվող դրույթ, հիմա բախվող դրույթներով ակնկալել, որ երկու տեղում էլ համաձայնություն կունենանք, իհարկե ոչ, դա նորմալ չէ, որովհետև մեկը մյուսի հետ կապված է և չի գործի, բայց դա հանած և ողջ մնացած դաշտը կարող է հագիստ լինել ՀՀ-ԵՄ իրավապայմանագրային հիմքում:
-Իսկ ընդհանուր ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը, մանավանդ վերջին շրջանում համագործակցությունների դաշտը ընդլայնվում է, քննարկվում են հարաբերությունների խորացումը ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Իրանի, նույնիսկ Չինաստանի հետ՝ ԵՏՄ-ի շրջանակներում Մետաքսի ճանապարհի նախագծի հարցում:
-Բազմիցս ենք ասել, որ ՀՀ-ի համար որևէ կերպ ընդունելի չի կարող լինել «կամ-կամ» ինտեգրացիոն գործընթացները: Երբ որ ԵՏՄ ամդամակցության փաստը տեղի ունեցավ, առիթ ունեցել ենք նշել, որ այդ «և-և» բանաձևի մի «և-ը» լուծվեց, իսկ մյուս «և-ը» դեռևս լուծելու կարիք ունի, հիմա եթե բանակցությունները կավարտվեն և նորմալ բանակցությունների ավարտը կբերի կհասցնի իր տրամաբանական հանգրվանին՝ փաստաթղթի ստորագրում, վավերացում, իմպլիմենտացիա, մենք կտեսնենք մյուս «և»-ի իրագործում:



