Tert.am-ը գրում է.

ՀՀ նախկին վարչապետ, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, թե Սահմանադրությունը փոխում են, որպեսզի կարողանան ԼՂՀ մի քանի շրջան հանձնել, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ , ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը մի փոքր հումորով է վերաբերում:

«Ավելի շատ էմոցիոնալ բնույթի հայտարարություն է: Իրականում և՛ Սահմանադրությունը, և՛ կառավարման մոդելը որևէ կապ չունի ՀՀ կողմից կենսական նշանակություն ունեցող խնդրի հետ, տվյալ դեպքում՝ Ղարաբաղյան հիմնախնդիրը, որը թիվ մեկ կենսական նշանակություն ունեցող խնդիրներից մեկն է, և դրա խաղաղ կարգավորումը որևէ նշանակություն այս պարագայում չունի»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Արտակ Զաքարյանի խոսքով՝ կարևորն այն է, որ Սահմանադրության նախագծի մեջ դրված են բոլոր հնարավոր մեխանիզմները, որոնք ըստ անհրաժեշտության պետք է ապահովեն անվտանգությանն  ուղղված որոշումների կայացումը:

«Իսկ Ղարաբաղյան խնդրի կարգավորումն առաջին հերթին հենց անվտանգությանն ուղղված գործողություն է: Կլինի կիսանախագական, թե նախագահական, միևնույն է՝ որոշումները կայացվում են քաղաքական  համակարգի միջով եփվող գործընթացում, իսկ այսօր քաղաքական համակարգում բոլոր քաղաքական ուժերն ունեն մեկ համոզմունք, որ ԼՂՀ ժողովուրդը պետք է ինքնուրույն որոշի իր ճակատագիրը և ԼՂ խնդիրների կարգավորումն ունի միմիայն խաղաղ կարգավորման ճանապարհ, իսկ ՀՀ և ԼՂՀ դեմ ցանկացած սպառնալիք ստանալու է կրկնակի պատասխան»,-ասաց նա:

Արտակ Զաքարյանի խոսքով՝ խորհրդարանը և վարչապետական կառավարումը նույն հաջողությամբ  պատրաստ է լինելու ապագայում, անկախ նրանից՝ ինչպիսի իշխանություններ կլինեն Հայաստանում, համարժեք և ճիշտ որոշումներ կայացնել ըստ իրադարձությունների: 

«Այսօր էլ պատասխանատվությունը գտնվում է ամբողջ քաղաքական համակարգի վրա, և այսօր էլ խորհրդարանը ինքն է որոշում պատերա՞զմ  հայտարարի, թե գնա խաղաղության ճանապարհով»,-ասաց նա՝ անդրադառնալով այն հարցին, թե դրանով պատասխնատվությունը մեկ անձից ընկնում է խորհրդարանի վրա։

Իսկ թե շրջանները հանձնելուն ինչպես է վերաբերում, Արտակ Զաքարյանը նշեց, թե բանակցությունների մանրամասն դետալներին չէր ցանկանա անդրադառնալ:

«Բայց թիվ մեկ խնդիրը ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, դրանից հետո  բանակցությունները, իհարկե, պետք է շարունակել, կյանքը ցույց կտա»,-նշեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել