Galatv.am-ը գրում է.
Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին Եվրոպական Միության խորհրդի կողմից Եվրոպական հանձնաժողովին Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների մանդատի տրամադրումը: Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ բանակցությունների արդյունքում կմշակվի մի փաստաթուղթ, որը կարտացոլի Հայաստան-Եվրոպական Միություն փոխշահավետ հարաբերությունների նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառությունը և կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը։
Զրուցակիցները քննարկեցին ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Զալբերը նշեց, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և վերահաստատեց ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցություններին։