Tert.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հետխորհրդային տարածքում ամենաձգձգված կոնֆլիկտն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն՝ ավելացնելով, որ ԼՂ հակամարտությունը 30 տարի է, ինչ չի լուծվում:
«Իհարկե, կողմերից ոչ մեկին այս հակամարտությունը ոչ մի լավ բան չի տալիս՝ ոչ տնտեսական, ոչ սոցիալական, ոչ էլ հումանիտար տեսանկյունից: Ավելին՝ ԼՂ հակամարտությունը Հարավային Կովկասում լարվածության մշտական օջախ է»,- ասաց Մատվիենկոն:
Վերջինս շեշտեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է՝ ՌԴ-ն կիրառում է բոլոր ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
«Ցավոք, կոնֆլիկտը ձգձգվեց, բայց մենք վստահ ենք, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով, միայն դիվանագիտական խողովակներով՝ առանց ուժի կիրառման»,- ընդգծեց ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակը՝ հավելելով, որ իրենք շարունակելու են ջանքերը՝ հակամարտության խաղաղ կարգավորման լուծմանը միտված, ինչը, նրա խոսքով, բխում է ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի, այլև՝ տարածաշրջանի շահերից:



