Ի հեճուկս համացանցում հնչած որոշ քննադատությունների՝ պետք է խոստովանեմ, որ ես հաճելիորեն զարմացած եմ Սոֆի Մխեյանից ու նրա վերջին՝ «Համաձայն եմ» տեսահոլովակից։ Մեր շոու բիզնեսի գաղջ միապաղաղության պայմաններում, երբ տարիներ շարունակ մարդիկ մնում են միևնույնը, իսկ նրանց տեսահոլովակները պատճեններն են կա՛մ իրենց նախկին հոլովակների, կա՛մ էլ այլ հայտնիների հոլովակների, Սոֆի Մխեյանի աշխատանքն ասես թարմ շունչ լինի այդ միապաղաղության մեջ։ Ահա 5 պատճառ, որոնք ինձ ստիպում են գրել սա ու նորովի նայել Սոֆի Մխեյան երգչուհուն։

1․ Նոր Սոֆի Մխեյան

1

Շատ տպավորված եմ նախևառաջ հենց Սոֆիի նոր կերպարով։ Ակնհայտ է, որ նա շատ է աշխատում իր արտաքին տեսքի ու ոճի վրա, և զարմանալի չէ, որ տարիների ընթացքում Սոֆին միայն ավելի գրավիչ ու հաճելի տեսք է ստանում։ Երկու կարծիք լինել չի կարող, որ Սոֆին հիմա շատ ավելի գեղեցիկ ու սլացիկ է, քան 5-7 տարի առաջ։ Առհասարակ, ես մեծ հարգանքով եմ վերաբերվում այն երգչուհիներին, ովքեր չեն դադարում աշխատել իրենց վրա, իսկ Սոֆին դա անում է, դրա համար էլ հանգիստ կարողանում է հիմա իրեն թույլ տալ հանգիստ ցուցադրել իր գեղեցիկ ոտքերը ու կատվաքայլով կադրեր անել, որոնք դիտելիս մտավախություն չի առաջանում, թե հեսա ողնաշարի կոտրվածք կստանա։

2․ Հետաքրքիր ու ժամանակակից տեսահոլովակ

23

Դուրս շատ եկավ շաբլոններից դուրս նկարահանված հոլոովակը։ Նկարահանումները տանիքներում չեն արվել, ոչ էլ Հայաստանի ռազմահայրենասիրական ժայռերի ֆոնին կամ ինչ-որ շքեղ առանձնատներում։ Ընդհանրապես, հոլովակում չեմ նկատում որևէ ակնարկ ավելորդ պճնամոլության վերաբերյալ։ Ավելին, այնպես հաջող են նկարել ու այնքան վառ գույներով, որ տպավորություն է, ասես անգամ Հայաստանում էլ չեն։

3․ Դինամիկ երգ

Capture

Երգն էլ անկասկած հաջողված է ու հիթային դառնալու հավակնություններով։ Այն զվարթ է, պարզ, առանց կլկլոցների ու ավելորդությունների, հաճելի ու դինամիկ էստրադային կատարում է, որի մեղեդին ու կրկներգը միանգամից մտնում են ուղեղիդ մեջ։

4․ Մթնոլորտը

4

Ինչպես հենց երգի պոզիտիվ ազդեցությունը, այնպես էլ վառ գույներով հագեցածությունը ստեղծում են հաճելի մթնոլորտ, որն ակամայից ստիպում է ժպտալ։ Սա վկայում է Սոֆիի ու հոլովակի ռեժիսորի ճաշակով ու հաշվարկված աշխատանքի մասին։ Ի վերջո, շատ կարևոր է, որ երաժշտական տեսահոլովակը մեկ անգամ նայելուց ու լուրջ քննադատություն չունենալուց զատ մարդում մոտ այն կրկին դիտելու ցանկություն լինի, ինչը միանշանակորեն այս հոլովակի մասին է։

5․ Լավ խորեոգրաֆիա ու շարժումներ

2

Հոլովակում շատ ներդաշնակ են նաև պարուհիների խորեոգրաֆիան ու կադրում հայտնվող մարդկանց շարժումները։ Ամեն ինչ հոլովակի երաժշտության ռիթմի մեջ է ու ռիթմին համահունչ։ Լինում է, չէ՞, որ ասենք ինչ-որ այլ հոլովակում դուդուկոտ երաժշտություն ա կամ էլ սինթեզատորային ղալմաղալ, բայց պարողները քիչ ա մնում բրեյք դանս պահեն կամ էլ իրանց անիմաստ կոտորում են այնպես, ինչպես երբեք իրականում չես պարի տվյալ երաժշտության տակ։ Իսկ այստեղ ճիշտ հակառակն է, ու դա անկասկած հավելյալ բոնուս է հոլովակի հեղինակների ու խորեոգրաֆների համար։

Մի խոսքով, ապրի Սոֆի Մխեյանն ու թող այսպես էլ շարունակի, որովետև սա իրապես իր ոճն է, որը դյուրամարս է, հաճելի ու թեթև։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել