Tert.am–ը գրում է.
Թուրքիայում այսօր կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հունիսի 7-ի ընտրությունների համեմատ 8 %-ով բարելավել է արդյունքը:
Ինչպես տեղեկացնում է Hurriyet-ը, այժմ ԱԶԿ-ն կարող է միայնակ ձևավորել կառավարություն:
Ընտրությանը մասնակցել է 16 կուսակցություն: Ընտրությանը մասնակցել է 54 մլն 49 հազար 851 ընտրող:
Հաշվվել է քվեների ավելի քան 97 տոկոսը: Հաշվարկը շարունակվում է, սակայն այն այլևս չի կարող ազդել ԱԶԿ-ի հաղթանակի վրա:
Թուրքիայի խորհրդարանում կլինեն 4 քաղաքական ուժեր: Իշխող ԱԶԿ-ից բացի խորհրդարանում ներկայացված լինելու իրավունք են նվաճել հիմնական ընդդիմադիր ուժ համարվող Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, նաև «Ազգայնական շարժում» կուսակցությունն ու քրդական «Ժողովուրդների դեմոկրատիան»:
Ըստ տարածված տեղեկությունների՝ «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին արդեն հրաժարական է տվել, իսկ երկրի վարչապետ, ԱԶԿ ղեկավար Ահմեթ Դավութօղլուն շնորհակալություն է հայտնել իրենց վստահելու համար՝ նշելով, որ սա ազգի հաղթանակն է:
Այսպիսով Էրդողանի ու Դավութօղլուի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը միայնակ կառավարություն ձևավորելու իրավունք է ստանում արդեն 4-րդ անգամ:Թուրքիայում խորհրդարանական ընտրություն էր տեղի ունեցել նաև հունիսի 7-ին:
Այդ ժամանակ Թուրքիայի խորհրդարան էին անցել 4 կուսակցություններ, այդ թվում՝ երկրի օրենսդիր մարմնում լինելու հնարավորություն առաջին անգամ ստացել էր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը: Այդ ընտրության ընթացքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չէր կարողացել ստանալ ձայների մեծամասնությունն ու միայնակ կառավարություն ձևավորել:
Կոալիցիոն կառավարություն ստեղծելու՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ջանքերը արդյունք չէին տվել, ձևավորվել էր ժամանակավոր կառավարություն, որը գործելու էր մինչև նոր ընտրության անցկացումը:



