Lragir.am-ը գրում է․
Hamatext.com կայքի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Կարեն Աղեկյանը հարցազրույց է տվել Lragir.am-ի ռուսերեն էջին, որում ներկայացրել է Ռուսաստանի հայ համայնքի առանձնահատկությունները, նրա ներկայիս վիճակն ու մոտիվացիան:

Վերջերս Մոսկվայի Հայկական թանգարանում բացվել է Նիկոլայ Երկրորդ ցարի հուշարձանը, ով հայտնի է իր հակահայկական քաղաքականությամբ:

Խոսելով այդ քայլի պատճառների մասին՝ Աղեկյանը նշում է, որ ցարը ներկայացվում է որպես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի նշանակալի մասին փրկող: Նիկոլայ Երկրորդի դերի նման գնահատականը  շատ անսպասելի է եւ այդպիսի բան երբեւէ չեն փորձել պնդել: Դա, մեղմ ասած, ծայրահեղ սուբյեկտիվ հայացք է այդ տարիների իրադարձություններին:

Աղեկյանը հիշեցնում է, որ ցարը Հայ եկեղեցուն զրկել է իր սեփականությունից օգտվելու իրավունքից: Դա հայ բնակչության մոտ վրդովմունք է առաջացրել, և 1903-1906 թվականներին իշխանությունը բացահայտ կերպով հայերի դեմ է ուղղել այպես կոչված «կովկասյան թաթարներին»: Եվրասիական տարածքում պատմությունը բազմիցս արմատապես վերաշարադրվել է, այդ պատճառով Նիկոլայ Երկրորդին հայերի փրկիչ դարձնելը չպետք է զարմացնի: Այդպիսի փրկչի դերում արդեն եղել են Լենինն ու բոլշեւիկները, ովքեր քեմալականների գլխավոր դաշնակիցն էին: Իսկ ինչու՞ ոչ Նիկոլայ Երկրորդը:

Ռուս մոնարխիստների, կայսերականների, պահպանողականների, ծայրահեղ աջերի, ուղղափառ ավանդականների մոտ միշտ կտեսնենք հենց հայերին, ինչպես նաեւ բոլոր նրանց կողքին, ովքեր կարոտում են խորհրդային իշխանությունը, խոսում ԽՍՀՄ վերստեղծման մասին: Կարեն Աղեկյանը նշում է, որ մի կողմից դա բացատրվում է անձնական շահով, սակայն կա նաև ճշմարտության մյուս կողմը:

Հայկական հայրենասիրությունն ու ազգայնականությունը, ի տարբերություն լիտվականի, էստոնականի, ուկրաինականի, վրացականի և այլ երկրների, երբեք չի եղել հակախորհրդային, ուղղված չի եղել մետրոպոլիայի՝ Մոսկվայի դեմ: Ընդհակառակը, նրանք միշտ աջակցություն ու հովանավորություն են փնտրել խորհրդային իշխանության մոտ, հավատարմության երդում են տվել, հույս են ունեցել, որ ղեկավարվելով արդարության սկզբունքով՝ Մոսկվան կվերադարձնի Նախիջեւանը, ԼՂԻՄ-ը, նույնիսկ Արեւմտյան Հայաստանը:

Մինչեւ խորհրդային իշխանությունն էլ այդ երեւույթները եղել են: Հիշենք, թե ինչ զգուշավորությամբ էր 1918 թվականի մայիսի վերջին Հայկական ազգային խորհուրդը հայտարարում իշխանությունն իր ձեռքը վերցնելու մասին: Հիշենք, ինչ ջերմ հարաբերությունների մեջ էին առաջին հանրապետության իշխանություններն ու դենիկինականները՝ միասնական ու անբաժան Ռուսաստանի կողմնակիցները, ինչ տրամադրություններ ունեին հանրապետության սպաները:

Մեր զրուցակիցը այդ երեւույթը բացատրում է նրանով, որ ծանր լծի, հողերի կորստի պայմաններում հայկական ազգայնականությունն ու հայրենասիրությունը պարզապես չեն կարողացել գլուխ բարձրացնել ինքնիշխանությամբ զբաղվելու համար: Սակայն այլ պատճառներ էլ կան, որոնց հետեւանքով գոյատեւման բնազդը գերիշխում է, երբ հերթական անգամ ազգային ռազմավարություն է անհրաժեշտ լինում պետական շինարարության համար:

Ազգային գոյությանն այդ «ռեալիստական» մոտեցումը թույլ է տալիս մարդկանց արդարացնել իրենց «ռեալիզմը» անձնական օգուտներ ստանալու համար: Այդ առումով Հայաստանից Ռուսաստան մեկնողները չեն մտածում, որ հակահայրենասիրական քայլեր են անում: Նրանք կարծում են, որ Հայաստանի ճակատագիրը կախված է մետրոպոլիայից:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հայ համայնքի դերին ու նշանակությանը, Աղեկյանը նշում է, որ չպետք է գերագնահատել Ռուսաստանում սփյուռքի նշանակությունը, այն անգամ չնչին կազմակերպված չէ: Ճիշտ է, համայնքի անունից ձեւական «հասարակական գործիչները» կարող են աղմկոտ հայտարարություններ անել, սակայն բոլորին հասկանալի է, որ «Ռուսաստանի հայկական սփյուռքը» դատարկ խոսք է: Այն պարզապես բազմաթիվ ընտանիքներ են հազարավոր ռուսական քաղաքներում: Ռուսաստանի հայերը նույնքան գործոն են, որքան, օրինակ, Ռուսաստանի ճաղատները:

Չնայած Ռուսաստանի հայ բնակչության բազմազանությանը՝ նոր հազարամյակում թե որակապես, թե քանակապես տոն են տալիս Հայաստանի հայերը՝ նրանք, ովքեր երեկ, մեկ տարի կամ տաս տարի առաջ անկախ հայկական պետության քաղաքացի էին:

Ռուսաստան տեղափոխվելուց հետո մարդիկ միայն մեկ հարցում են փոխվում, կարծում է Աղեկյանը: Հայաստանի հետ կապված բոլոր խնդիրները մղվում են երկրորդ պլան, որքան էլ խոսեն կարոտի մասին: Կարոտը, առհասարակ, դադարել է «լավ տոն» լինել: Ռուսաստանի ցանկացած քաղաքում «փոքր Հայաստանի» ատրիբուտների առկայությունը՝ լավ ընկերախմբում նարդի խաղալը, հայկական օբյեկտում հաց ուտելը, մաեստրո Արմենչիկի համերգներին գնալը, նորակառույց եկեղեցու տուֆով երեսպատումը, «կարոտի» կոկորդիլոսի արցունքներն արհեստական են դարձնում:

Այս պայմաններում ռուսական հայրենասիրությունը, սակայն, շատ բնական է թվում, հատկապես հիմա, երբ ռուսական պետությունը փորձում է ավելի բարձր ուղեծիր դուրս գալ, և հարցը դրված է «բոլորիս հետ ես», թե «բոլորիս դեմ»: Այս իրավիճակում հայերի հավատարմությունը, եթե հնարավոր է այն չափել, կգերազանցի ռուսների հավատարմությանը: Մարդը, սովորաբար, կյանքում մեկ էմիգրացիայի ուժ ունի և փորձում է նոր երկրում ամեն գնով բարեկեցության հասնել:

Աղեկյանը նշում է, որ Ռուսաստանի սփյուռքի դերը Հայաստանի համար առայժմ զանգվածային հոգեբանության ոլորտում է: Դժվար է գտնել հայի, ով Ռուսաստանում ընկերներ կամ հարազատներ չունենա: Կարծիք կա, որ Ռուսաստանի իշխանությունները կարող են մեկ ակնթարթում վատացնել այնտեղի բոլոր հայերի վիճակը: Դա ազդում է ոչ թե Հայաստանի այս կամ այն միությանն անդամակցելու, այլ այն բանի վրա, որ Հայաստանի հանդեպ Մոսկվայի ոչ այնքան դաշնակցային գործողությունների դեմ հրապարակային բողոքը նվազագույն է լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել