Pastinfo.am-ը գրում է.
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և խաղաղ բանակցությունների ապագան պետք է որոշեն իրենք՝ սիրիացիները: Այս մասին «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: 
 
«Սիրիայի ապագան և խաղաղ բանակցությունների ապագան չպետք է լինի մեկ մարդու ապագայից կախված հարց: Ես կարծում եմ, որ սիրիացիների գործն է որոշել նախագահ Ասադի ապագան»,- նշել է նա՝ Ժնևում մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին: 
 
Վիեննայում սիրիական կարգավորման բանակցությունների վերաբերյալ Պան Գի Մունը նշել է, որ դրանցում խոսքն առաջին հերթին գնում է այն մասին, թե «ինչպես վերսկսել խաղաղ գործընթացը»:   «Ներկա պահին ամենից առաջ անհրաժեշտ է ամբողջ երկրով մեկ հրադադար հաստատել, որպեսզի հնարավոր լինի մարդասիրական օգնություն հասցնել  բազմամիլիոն մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն»,- պարզաբանել է նա: Ըստ գլխավոր քարտուղարի,  անհրաժեշտ է «իսկական երկխոսության»  ձեռնամուխ լինել: ՄԱԿ-ը «պատրաստ է անել ամեն հնարավորը քաղաքական գործընթացի առաջընթացի համար»: 
 
«Մենք պատրաստ ենք աշխատել սիրական կողմերի հետ, որպեսզի հաստատվի ծայրաստիճան անհրաժեշտ հրադադար  ամբողջ երկրի մասշտաբով և սկսվի սիրիացիների կողմից ղեկավարվող քաղաքական գործընթացը»,- ասել է նա: 
 
Պան Գի Մունը նաև հույս է հայտնել, որ չնայած տարաձայնություններին, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը «ունակ կլինեն հասնել հետագա առաջընթացի» սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցում: 
 
«Թույլ տվեք ինձ գովել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի առաջատար դերը  արդյունքի հասնելուն աջակցելու հարցում (Վիեննայում սիրիական կարգավորման հարցով հանդիպմանը): Ես գիտեմ, որ էական տարաձայնություններ դեռևս մնում են: Ես հույս ունեմ, որ մոտակա շաբաթներին ու օրերին նրանք սիրիացիների ղեկավարությամբ  կկարողանան հասնել ճգնաժամի քաղաքական լուծման հետագա առաջընթացի»:
 
Ինչպես ընդգծել է գլխավոր քարտուղարը, «ՄԱԿ-ը պատրաստ է սատարել խաղաղ ջանքերին»: 
 
Պան Գի Մունը ողջունել է երեկ՝ հոկտեմբերի 30-ին սկսված վիեննական բանակցությունները: «Մասնակիցներին կոչ եմ անում հասնել փոխըմբռնման  մի շարք առանցքային հարցերում՝ ներառյալ պատերազմի դադարեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերն  արագացնելու անհրաժեշտությունը»,- ասել է նա՝ դրական գնահատելով նպատակին հասնելու «այս շատ անհրաժեշտ քաղաքական գործընթացը գործարկած»   17 երկրների ու Եվրամիության  «ջանքերն ու նվիրվածությունը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել