Սա ի՞նչ է նշանակում: Այս էլ որերորդ անգամ այցելում ենք հերոս եղբորս շիրիմին և քարանում մի քանի մետր հեռավորության վրա, աշխարհն ասես շուռ է գալիս գլխիդ (արդեն իսկ շուռ եկած աշխարհը): Ծաղկամաններում դրված արհեստական ծաղիկները գողացված են... 
Խնդիրն ամենևին նոր ծաղիկ գնելու մեջ չէ: Շաբաթվա հինգ օրը պանթեոնում ենք և առանց ծաղիկների չենք գնում: Խնդիրը նրանում է, թե ինչու պանթեոնի տարածքը չի հսկվում, ինչու պիտի սևազգեստ մայրերն ամեն անգամ նորից սպանվեն, ինչու: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում այն հարազատի ու ծնողի հետ, երբ որդու գերեզմանը դատարկ է տեսնում: 
Չէ՞ որ մենք հիմա ապրում ենք այդ ծաղիկներով, պանթեոնի մաքրությամբ...
Ինչպե՞ս լռես ամեն անգամ, երբ աղբը կիտում են այդ սրբավայրի շեմին, երբ կովերն արածում են՝ գերեզմանների վրա բարձրացած և արածում են այդ մարդկանց ծաղիկները: Որտե՞ղ են պատասխանատուները, երբ գերեզմանները քանդում են: 
Երեկ այցելեցինք եղբորս... ծաղիկները չկան... կանաչ գորգը, որ ամրացված է գերեզմանի մի կողմում, արդեն բարձրացված է, երկաթները՝ թեքված... Այս անգամ գողանալ չէր հաջողվել... Սիրտս պայթելով՝ վազեցի դեպի Տիգրանի գերեզմանը, որ քիչ հեռվում է (մի քանի օր առաջ մայրիկիս հետ այցելել ու ծաղիկներ էինք դրել Եղնիկներում զոհված տղայի շիրիմին, ու տեսել էի, որ գերեզմանը կառուցված է նույն ձևով): Վազեցի՝ տեսնեմ՝ միայն Զորիս ծաղիկներն են տարել, թե Տիգրանինն էլ չկա ու... սարսափեցի. նկարներում տեսեք, թե վայրենիներն ինչպես են պոկել ու գողացել փռված գորգը:
Խնդրում եմ, արձագանքեք և լուծում տվեք այս հարցեին:
Գերեզմանատեղի համար ահռելի գումարներ են վերցնում, իսկ նման դեպքերում ո՞ւր են: 
Թող տեսախցիկներ տեղադրեն կամ ըստ հատվածների պահակներ նշանակվեն...
Ո՞ւմ համար են մեր հերոսները զոհվել... նման անմարդկայինների՞:
Իմ եղբայրը նման հայի համար չի տվել իր կյանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել