ԱՄՆ դեսպանատունը ՀՀ կառավարությունից խնդրել է իրենց տրամադրել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի առթիվ ցուցարարների դեմ հարուցված քրգործի վերաբացման մասին հավելյալ տեղեկատվություն։ Պատճառաբանությունը հետևյալն է. «Մենք, օրինակ, ցանկանում ենք տեղեկանալ գործերի քննության մակարդակի և ծավալների մասին՝ հավաստիանալու, որ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման մեղադրանքները քննվում են ցուցարարների գործերի հետ նույն խորությամբ...»։
Առաջին հայացքից շարքային ընթերցողի համար այս պարբերությունը ոչինչ չի ասում, մինչդեռ որպեսզի պատկերացնեք երևույթի լկտիության աստիճանը, պատկերացրեք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը խնդրեր ԱՄՆ պատկան մարմիններից տրամադրել իրենց Ֆերգյուսոնում տեղ գտած բախումների հարցով գործերով հավելյալ տեղեկություն...
Ծիծաղելի է, այդպես չէ՞։ Իհարկե ծիծաղելի է, որովհետև ինչպես Հայաստանն ԱՄՆ-ին ուղղություն տվող չէ, այնպես էլ ԱՄՆ-ը Հայաստանի համար ուղղություն տվող չէ, եթե հենվում ենք երկրների սուվերենության իրավունքի։ Նման գործերը տվյալ երկրի ներքին խնդիրն են, ու եթե Հայաստանն ինչ-որ մեկի առաջ հաշվետու էլ է, ապա դրանք միջազգային այնպիսի կազմակերպություններն են, որոնց նկատմամբ հաշվետու լինելու պարտականություն մենք ստանձնել ենք համապատասխան համաձայնագրերի միանալով, սակայն մենք ոչ մի համաձայնագիր չենք ստորագրել, որով պարտավորվել ենք հաշվետու լինել անհատապես ԱՄՆ-ի առջև։
Այս համատեքստում զավեշտալի է մեր արևմտամետ գործիչների լռությունը, ովքեր այլ պարագայում ամեն պատեհ ու անպատեհ առիթով աղաղակում են Հայաստանի ինքնիշխան լինելու մասին։ Հատկապես, երբ դա ինչ-որ կերպ կապված է Ռուսաստանի հետ։ Դեմ չենք, ինքիշխանությունը լավ բան է, և դրա ապոլոգետիկան՝ միայն գովելի, բայց միայն այն պարագայում, եթե այն անկեղծ է ու համապարփակ։ Երբ, օրինակ, Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, Դավիթ Սանասարյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Պարույր Հայրիկյանը և այս ճամբարի այլ ներկայացուցիչներ ցանկացած առիթով բղավում են ազատ-անկախ-ինքնիշխան Հայաստանին Ռուսաստանից սպառնացող վտանգի մասին ու բերանները ջուր են առնում, երբ այդ ինքնիշխանությանն ապտակ է հասցնում ԱՄՆ-ը, դա, մեղմ ասած, լավ բաների մասին չի խոսում, որովհետև դա նշանակում է, որ նրանք լավագույն դեպքում իրազեկված չեն (եթե այպես է՝ հետաքրքիր կլիներ լսել նրանց գնահատականը), կամ էլ նույն այդ դեսպանատան կողմից ուղղորդվող ազդեցության գործակալներ են մեր քաղաքական-հասարակական դաշտում։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2015/10/blog-post_30.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել