Ինչպես հիշում ենք, վերջերս անընդհատ խոսվում էր ԲՀԿ խմբակցության ներսում տիրող անառողջ մթնոլորտի մասին: Մասնավորապես, խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ խմբակցության անդամներ Ստեփան Մարգարյանը և Էլինար Վարդանյանը խնդիրներ ունեն խմբակցության անդամների, կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի և, առհասարակ, խմբակցության աշխատանքների հետ: Ի դեպ, այս խոսակցությունները չէին հերքում նաև խմբակցության պատգամավորները:
ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Ստեփան Մարգարյանին հետ էր կանչել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության կազմից: Բանն այն է, որ Զոհրաբյանի պնդմամբ՝ Մարգարյանը չի մասնակցում խմբակցության աշխատանքներին: Այս ամենի ամենաթրենդային մասը, սակայն, կայանում է նրանում, որ Ստեփան Մարգարյանը մամուլից է տեղեկացել իրեն այդ պաշտոնից հեռացնելու և ԲՀԿ խմբակցությունում առկա տրամադրությունների մասին:
Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, կարծես այսօր քաղաքական դաշտում նոր մշակույթ է ձևավորվում. կուսակցության ներսի խնդիրների մասին պատգամավորները կամ մամուլից են տեղեկանում, կամ ֆեյսբուքից: Մյուս կողմից էլ ներքին ձայնս հուշում է, որ պարզապես ուզում են ցույց տալ, որ մամուլին հետևում, կարդում են, ժամանակ առ ժամանակ էլ գրում:
Լավ, ինչևիցե, անցնենք առաջ: Ստեփան Մարգարյանը, անդրադառնալով իրեն պաշտոնից ազատելու թեմային, ասել է. «Ես դա ճիշտ չեմ համարում, ընդ որում՝ ոչ միայն իմ անձի հետ կապված, այլև միջազգային խորհրդարանական մյուս պատվիրակությունների հետ կապված: Եթե դու վաղը գնացիր այնտեղ, այդ օրը չես կարող օգտակար գործ անել, դրանք խորհրդարանական վեհաժողովներ են, որտեղ դու պետք է հասկանաս, ճանաչես, որովհետև հարցը փոխելու, օրակարգ ներառելու համար քվեարկություն է պետք, դա տևում է առնվազն մի քանի նիստ, իսկ տարեկան ընդամենը երեք նստաշրջան է լինում»:
Փաստորեն ստացվում է, որ Հայաստանը մեծ խնդիրներ կունենա, եթե նրան հետ կանչեն զբաղեցրած պաշտոնից: Կարճ ասած՝ ԲՀԿ-ի կողմից կիրառված «սանկցիաներն» ուղղված են ոչ թե Մարգարյանի, այլ Հայաստանի Հանրապետության, ինչու չէ, նաև մեր պետականության ու հայ գենի դեմ:
Մարգարյանի արտասանած այս տողերով հարցը կարելի է համարել փակված, որովհետև հասարակ տրամաբանություն է պետք հասկանալու, թե ինչու է Մարգարյանն իր պաշտոնից ազատվելը կապում Հայաստանի հնարավոր ապոկալիպսիսով: