ԵԱՀԿ ՄԽ-ի համար կրկին  անհայտ է դիտարկման ժամանակ հրադադարը խախտած կողմըPanARMENIAN.Net- գրում է.

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հատումից հետո անհայտ ուղղությունից շարունակական կրակոցները ստիպեցին ԵԱՀԿ դիտորդներին ապաստան փնտրել: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (ՌԴ), Պիեր Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի տարածած հաղորդագրության մեջ:

Հայաստան և Լեռնային Ղարաբաղ այցից հետո Միջնորդները Ադրբեջան են մեկնել դեկտեմբերի 27-ին՝ Ստեփանակերտից։ ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Դիտարկման ավարտի պահին գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից: Ըստ ԼՂՀ ՊՆ-ի հայտարարության՝ հրադադարը խախտվել է ադրբեջանական կողմից:

«Այս միջադեպով անթաքույց ջանք է գործադրվում խաղաղ կարգավորման հարցում առաջընթացը խաթարելու համար: Սա նաև հաստատում է, որ ԵԱՀԿ պետք է հնարավորություն ունենա հրադադարի խախտումների հետաքննության համար», - ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ Նախագահները հաստատել են իրենց հանձնառությունը համանախագահների հովանու ներքո մինչև ընթացիկ տարվա վերջ գագաթաժողով անցկացնելու վերաբերյալ

Հրադադարի խախտման դեպքից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույն օրը տարածել է հաղորդագրություն այն մասին, թե իբր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ անցկացված դիտարկման ժամանակ հայկական կողմն է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Ավելի ուշ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ադրբեջանի այս հայտարարությունը հակառակորդի կողմից կիրառվող հերթական քարոզչական հնարքն է և իրականությանը չի համատասխանում:

«Շփման գիծն անցնելիս շարունակվող կրակոցները ԵԱՀԿ դիտորդներին ստիպեցին պատսպարվել. սա անընդունելի է» ,- գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:

Ուորլիքի գրառմանը արձագանքել է ԼՂՀ վարչապետի մամուլիս խոսնակ Արտակ Բեգլարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել