Tert.am-ը գրում է.
ՀՀ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի մասին ԱԺ խմբակցությունները ներկայացրեցին իրենց եզրափակիչ տեսակետը՝ բացառությամբ «Ժառանգության», ըստ այդմ էլ՝ նախագծին դեմ կքվեարկեն ՀԱԿ-ը և ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն ազատ է քվեարկության հարցում, ՀՅԴ-ի քվեարկությունը կախված կլինի նրանից, թե կընդունվեն իրենց առաջարկները, թե ոչ, և կողմ կքվեարկի ՀՀԿ-ն:
ՕԵԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ով նշեց, թե առաջարկը՝ դիտորդներ ունենալ և հսկել, թե մեկ անձը երկու անգամ է ընտրության մասնակցում, թե ոչ՝ տեղին չէ: Ըստ նրա՝ այս թնջուկը չպետք է թողել, թե ընտրեղամասում մարդիկ դնեն և հետևեն, այլ պետք է լուծեն հենց այստեղ՝ ԱԺ-ում, որպեսզի տեղի ունենան ազատ, արդար ընտրություններ:
«Այո՛, ոչ եմ ասել, մինչև վերջ էլ ոչ եմ ասելու, որովհետև այս երկիրը պատրաստ չէ սահմանադրական ընտրություններին, հենց այս փոքրիկ, պրիմիտիվ հարցից սկած»,- ասաց նա և նշեց, թե այդ փոփոխությունը նրա համար է, որպեսզի ստեղծեն սուպերվարչապետական երկիր: «Հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին կոնսենսուսի գալ՝ այս խնդիրը լուծելու համար»,-ասաց նա:
ՀՅԴ խմբակցության անունից հանդես եկավ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով նշեց, թե, բնականաբար, իրենց խմբակցության քվեարկությունը պայմանավորած է լինելու նրանով, թե նախագծի հեղինակները կընտրեն իրենց առաջարկությունները՝ թե ոչ:
Նա նշեց, թե ՀՅԴ-ն օրենքը բարելավելու չորս տարբերակ է առաջարկել. «Որն էլ ընդունվի՝ կմեծանա հանրաքվեի նկատմամբ վստահությունը: Պնդում եմ իմ տեսակետը, որ պետք է այսօրվանից հստակ քայլեր արվեն, որ ՀՀ քաղաքացիներն անձը հաստատող մեկ միասնական փաստաթուղթ ունենան: Սա կառավարության անելիքն է ապագայի համար»:
ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով շեշտեց, որ այս օրինագծի քննարկման միակ նպատակը իշխանությունների վերարատադրության խնդրի լուծումն է: «Իշխանությունն ասում է, թե մենք չենք վստահում հանձնաժողովի մեր անդամներին, քանի որ նրանց կարող են կաշառել, այո՛, ՀԱԿ-ի բոլոր ներկայացուցիչները Ռեմբո չեն և չեն կարող միայնակ դիմակայել ճնշումներին, սակայն նրանք մեղավոր չեն, մեղավոր է հանցավոր իշխանությունը»,- ասաց նա:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԲՀԿ-ի անունից հայտնեց, որ որոշել են ազատ թողնել քվեարկությունը: «Այսինքն՝ ամեն մի պատգամավոր ինքն է որոշելու, թե ինչպես քվեարկի»,- ասաց նա:
Անդրադառնալով մատների թանաքոտմանը՝ նա ասաց, որ այս հարցում հինգ խմբակցությունով միակամ են: «Եթե այդչափ անվստահության մթնոլորտ կա, ապա ես կառաջարկեի քաղաքական մեծամասնությանը գնալ ընդառաջ դրան»,- ասաց նա և համոզմունք հայտնեց, որ իրենք ճիշտ ճանապարհի վրա են:
Ըստ նրա իշխանություններին պետք չէ կեղծիքներ կատարել, քանի որ սա Սահմանադրության հարցն է և մարդկանց պետք է ներկայացնեն, որ կառավարման մոդելի փոփոխությունը տանում է ապրելակերպի փոփոխության: «Ես կարծում եմ, որ այս հարցը լինելով ընթացակարգային, պահանջում է քաղաքական լուծում»,- ասաց նա և կոչ արեց իշխող կուսակցությանը ընդառաջ գնալ:
ԱԺ քաղաքական մեծամասնության՝ ՀՀԿ-ի անունից խոսեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով նշեց, որ եթե արդեն իսկ հայտարարում են, որ հանրաքվեն կեղծվելու է, էլ ի՞նչ իմաստ ունի, թե ինչպես է դա արվելու:
«Ձեզ համար ի՞նչ տարբերություն ID-ով են կեղծում, թե ուրիշ ձև, դուք պրովոկացիա եք անում՝ թանաքոտել, ականջին օղ կախել, մարդկանց մարմին հետ այլ գործողություններ անել, որ մարդիկ զզվեն ու չգան ընտրության»,-ասաց նա:
Նա նաև անդրադարձավ մինչ այս հնչած ելույթներին, խոսելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից: «Անեծքների հետ կապված դիմում եմ ՀԱԿ-ին. ախր ես նոր եմ հասկանում ձեր անհաջողությունների պատճառը՝ անիծված եք, քանի որ 90-ականներին այնքան խախտում և այլանդակություններ եք արել, որ 20-25 տարի փորձում ենք արմատախիլ անել, սակայն վերջնական արդյունքի չենք հասնում: Կամ անտրամաբանական թվեր են ներկայացնում, մենք իրավունք չունենք այդ ցուցակում մարդկանց չներառել»,- ասաց նա:



