Մի քանի օր է, ինչ մայրաքաղաքում տեսնում եմ շենքերի պատերին փակցրված հատուկ ստենդեր, որոնք նախատեսված են սահմանադրական բարեփոխումների քարոզչության համար: Մի քանի օր է, ինչ սկսվել է քարոզչության շրջանը, բայց այդ ստենդերն այդպես էլ դատարկ են մնում, ու որոշ մարդիկ այդ ստենդերն օգտագործում են իրենց ընկերությունները գովազդելու համար:
Այդ ստենդերն ավելի շատ պետք են ընդդիմությանը, քան իշխանությանը: Չեմ հասկանում՝ ընդդիմադիրներն ինչո՞ւ չեն օգտագործում այդ անվճար տարածքներն իրենց քարոզչությունն իրականացնելու համար: Պետք է օգտագործել յուրաքանչյուր տարբերակ, ոչ թե այստեղ-այնտեղ ասուլիսներ տալ և յութուբյան լայքերի ու դիտումների կամ ՖԲ-ում «շեյրերի» քանակով ասել՝ հաղթելու ենք, տապալելու ենք:
Մեկ ամիս, 10 օր է մնացել ընտրություններին, բայց հստակ ձևավորված «ՈՉ»-ի ճակատ չեմ տեսնում, հստակ գործողությունների պլան չեմ տեսնում: Ժողովուրդ ջան, այս պարագայում այդ ստենդերին ՀՀԿ-ն էլ ոչինչ չի փակցնի, որովհետև իրականում ընդդիմացողներն անգամ չգիտեն՝ ինչին են ընդդիմանում: Այդ երկաթյա լուռ տարածքները վերջում կդառնան գովազդային անկյուններ: