Tert.am-ը գրում է.

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ նշելով, որ քաղաքական պայքարը ծայրաստիճան ագրեսիվացել է, և նոյեմբերի 1-ից հետո էլ լարումը չի դադարելու, քանի որ պայքարի մեթոդները և ընտրված մարտավարությունը թելադրում է, որ հետընտրական զարգացումներ նույնպես պետք է լինեն: Ինչ վերաբերում է հայ համայնքի ընտրությանը, ապա թուրքագետը տեսակետ հայտնեց, թե կոչերը՝ այս կամ այն ուժին ընտրելու, ավելորդ են, և երբեմն պրովոկացիոն տարրեր են պարունակում։ 

- Պարո՛ն Մելքոնյան, նոյեմբերի 1-ին Թուրքիայում կկայանան խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել:

-Այս ընտրությունները Թուրքիայի համար շատ կարևոր են լինելու, քանի որ ըստ էության պայքարն ընթանում է Էրդողանի նախագահական մեծ լիազորությունների ու ամբիցիաների և այլ ուժերի քաղաքական շահերի համատեքստում, և այդ ամենի հետևանքով Թուրքիայում քաղաքական դաշտը և քաղաքական պայքարը ծայրաստիճան ագրեսիվացել է, որը դրսևորվում է ինչպես քաղաքական, այնպես էլ ոչ քաղաքական մեթոդներով՝ նկատի ունեմ ռազմական, ահաբեկչական և այլն: Կարծում եմ՝ նոյեմբերի 1-ից հետո էլ այս լարումը չի դադարելու, քանի որ պայքարի մեթոդները և ընտրված մարտավարությունը թելադրում են, որ հետընտրական զարգացումներ նույնպես պետք է լինեն: Իսկ հիմնական խնդիրը շատ պարզ է՝ Էրդողանին և իր գլխավորած ուժին մոտավորապես անհրաժեշտ է 45 տոկոս ձայն, որը թույլ կտա միանձնյա ձևավորել կառավարությունը: Դրա համար էրդողանն ունի երկու թիրախ, թե որ ուժերից կարող է խլել ձայներ: Դա հիմնականում Ազգայնական շարժում կուսակցությունն է, և այդ պատճառով Էրդողանը և իր գլխավորած ուժն ավելացնում են ազգայնամոլական հայտարարությունները, քայլերը։ Ավելին՝ «Գորշ գայլեր» հայտնի ահաբեկչական կազմակերպության հիմնադիր Արփասլան Թյուրքեշի որդուն հրավիրել են իրենց կուսակցություն, տվել փոխվարչապետի պաշտոն՝ հույս ունենալով, որ ազգայնամոլական ընտրազանգվածը նաև այդ մեթոդով կնախընտրի «Արդարություն և զարգացում կուսակցությանը»: Իսկ մյուս թիրախը քրդերն են՝ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությունը, որի դեմ հալածանքները և՛ քաղաքական, և՛ ռազմական ոլորտներում շարունակվում են։ Շարունակում են հակաքարոզչություն իրականացնել, թե այդ կուսակցությունը իբրև թե պրոհայկան ուղղվածություն ունի, որոնց ընտրելու դեպքում Հայոց ցեղասպանության ճանաչումը դառնալու է Թուրքիայի քաղաքական օրակարգի նյութ:

-Իսկ նման աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին Թուրքիայի Նախագահ Էրդողանի տեսլականը կյանքի կոչելը ինչքանո՞վ է հավանական, նա ունի՞ այդ վարկանիշը՝ Ձեր նշած մարտավարությամբ ապահովելու բավարար ձայների քանակ:

-Այս պահին Էրդողանի վարկանիշն իհարկե չի բավարարում այդ մինիմալը ապահովելու համար, և բացի այդ և՛ երկրի ներում, և՛ արտաքին աշխարհում տեղի ունեցող որոշակի զարգացումները, այդ թվում նաև ՌԴ-ի պատժիչ գործողությունները Սիրիայում Իսլամական պետության նկատմամբ, որի հանդեպ Էրդողանը բացահայտ համակրանք էր դրսևորում և որին բացահայտ սատարում էր: Այդ ամենն իհարկե վնասում է Էրդողանի վարկանիշին, բայց կարծում եմ՝ Էրդողանի համար կենաց մահու, որոշիչ ճակատամարտ է, և այդ ճանապարհին նա պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ սուր հետևանքներ ունեցող զարգացումների, քանի որ իր ձգտումները, ամբիցիաները նախագահական բացարձակ իշխանության, ըստ էության, դուրս են եկել նորմալ տրամաբանության սահմաններից։  Անգամ ատրիբուտների մեջ երևում են նրա ոչ իրատեսական պատկերումները, ինչպես օրինակ՝ նրա աթոռը սուլթանական գահ է հիշեցնում. սա իհարկե բացասական տրամադրություններ է առաջացնում ինչպես երկրի ներսում, որտեղ քաղաքական ուժերն այդքան էլ չեն համակերպվում երկրորդ Աթաթուրքի, կամ երկրոդ սուլթան ունենալու գաղափարին, ինչպես նաև արտաքին ուժերից իր դաշնակից Արևմուտքին, որի համար մեծ լիազորություններով օժտված և անհավասարակշիռ Էրդողանը այդքան էլ ձեռնտու գործընկեր ու թեկնածու չէ:

-Այսինքն՝ կարելի՞ է սպասել տարածաշրջանում նոր լարվածության ալիքի:

-Այո, կարող ենք սպասել լարված վիճակի, բավական սուր ընտրությունների և հետընտրական անկանխատեսելի զարգացումների, որոնք կարող են ուղեկցվել քաղաքական և ոչ քաղաքական պայքարի տարբեր մեթոդներով, ընդհուպ մինչև ռազմական բախումներ, ահաբեկչություններ և այլն:

-Պարո՛ն Մելքոնյան Եվրոպայի Հայ դատի գրասենյակը կոչ է անում Թուրքիայի ժողովրդին իր ձայնը տալ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը։ Ինչպիսի՞ն է հայ համայնքի կողմնորոշումը:

-Այստեղ կարող ենք երկու կողմից հարցին մոտենալ, առաջինը՝ հայ համայնքի ակտիվ, չհարմարվող հատվածն իհարկե իր նախապատվությունը տալիս է Ժողովուրդների ժողովրդավարություն կուսակցությանը, որը փաստորեն միակ ուժն է, որը խորհրդարանում խոսում է Հայոց ցեղասպանության մասին, Հայոց հարցի մասին՝ երբեմն բարձր տոնայնությամբ, երբեմն ավելի զուսպ, բայց, այնուամենայնիվ, այդ թեման առաջ է մղվում, և տարբեր լիդերներ բացահայտ հայտարարում են Հայոց ցեղասպանության կամ գոնե հայկական կոտորածների մասին: Նաև այս ուժը համապետական խնդիրների նկատմամբ թուրքական մյուս ուժերից տարբերակված մոտեցում է դրսևորում, հայկական համայնքի խնդիրների, կառույցների խնդրի մասին և այլն: Բնական է, որ հայերը պետք է փորձեն նաև սատարել: Ինչ վերաբերում է կոչերին, կարծում եմ՝ դրանք մեծ ազդեցություն չեն ունենա, քանի որ հայ համայնքը բաժանվում է ակտիվ, չհարմարվող հատվածի և պասիվ հարմարվող հատվածի, որը հիմնականում համայնքային օլիգարխիան է, մեծահարուստներն են, որոնք հստակ շահեր ունեն իշխող կուսակցության հետ։ Դրանք պատրիարքությանն են ենթարկվում, և կոնկրետ պատրիարք Արամ Աթաշյանը, դուրս գալով հոգևորականի լիազորությունից՝ փորձում է համայնքը պահել ավելի հարմարվողական դիրքում և դեմ է ցանկացած ակտիվությանը: Նա անուղղակիորեն քարոզում է, որպեսզի համայնքը նախընտրի Էրդողանին և նրա գլխավորած կուսակցությանը և բավարարվի այն «փոփոխություններով», որն առաջարկում է Էրդողանը և իր գլխավորած ուժը: Կարծում եմ, որ ընտրությունների արդյունքները հենց այդպես էլ կլինեն, և հայ համայնքը երեք կուսակցություններին էլ կտա ձայն: Առաջինը իշխող կուսակցությունն է, որին ձայն կտա համայնքի իշխանությունների հետ այս կամ այն կերպ առնչություն ունեցող հատվածը և դրանց շրջապատը, մյուսը՝ բավական հոծ զանգված կքվեարկի Ժողովուրդների ժողովրդավարություն կուսակցությանը՝ երբեմն բարձրաձայնելով այդ մասին, երբեմն ակտիվ հանրահավաքների մասնակցելով։ Մանավանդ որ հայ թեկնածու կա այդ կուսակցությունից՝ Կարո Մայիլյանը, որը նախորդ անգամ ընտրվել է և էլի առաջադրվել է, ի տարբերություն իշխող կուսակցության, որի հայ թեկնածու Մարգար Եսայանը բավական ոչ շահեկան դիրքում է ցուցակում գտնվում: Իսկ երրորդը, որին հայ համայնքը որոշակի ձայներ կտա, Ժողովրդահանրապետական կուսակցությունն է՝ քեմալական կուսակցությունը, որը չնայած սահմանափակ թվով, այդուհանդերձ համայնքում որոշակի համակիրներ ունի: Կարծում եմ՝ կոչերը՝ այս կամ այն ուժին ընտրելու ավելորդ են և երբեմն պրովոկացիոն տարրեր են պարունակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել