Pastinfo.am-ը գրում է.

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով այսօր ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին  և 2-րդ կետերով մեղադրվող  գործարար եղբայրներն արդարացվեցին:

Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացավ եղբայրներ՝ Վարդան և Վահրամ Մակինյանների պաշտպան Գուրգեն Հարությունյանից:

Պաշտպանը նշեց, որ դատավճռով՝ առաջադրված մեղադրանքում իր պաշտպանները ճանաչվեցին անպարտ և արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Ըստ մեղադրանքի՝ Վարդան և Վահրամ Մակինյանները նախնական համաձայնությամբ փորձել են Արմեն Ելիսոյանից խաբեությամբ հափշտակել խոշոր չափերով` ընդհանուր 699 հազար ՀՀ դրամ գումար:

Մասնավորապես, Վարդան Մակինյանը  հանդիսանալով « Գանգրահեր տղա« ՍՊ ընկերության տնօրեն, նույն ընկերության աշխատակից, իր եղբայր՝ Վահրամ Մակինյանի հետ 2011-2012 թվականների ընթացքում առևտրային հարաբերությունների մեջ է գտնվել Արմեն Ելիսոյանի հետ: Վերջինս պարբերաբար նշված ընկերությանն է վաճառել և այդ ընկերությունից գնել  տարբեր տեսակի ապակյա դատարկ տարաներ: 2012 թ. մայիսին Արմեն Ելիսոյանը բեռնատար ավտոմեքենայով «Գանգրահեր տղա» ՍՊ ընկերության առևտրային գործունեության իրականացման վայր է տեղափոխել և այդ ընկերությանն է վաճառել շուրջ 197.000 ՀՀ դրամ արժողությամբ ապակյա դատարկ տարաներ՝ միաժամանակ նույն ընկերությունից գնելով ընդհանուր 747 000 ՀՀ դրամ արժողությամբ այլ տեսակների ապակյա դատարկ տարաներ և պոլիմերային խցաններ:

Արմեն Ելիսոյանն իր կողմից գնված հիշյալ ապակյա տարաները նույն օրը Վանաձորից տեղափոխել է Վահրամ Մակինյանի կողմից ժամանակավոր օգտագործման համար իրեն տրամադրված, ընկերությանը պատկանող թվով 119 պոլիմերային արկղերում: Կողմերը Արմեն Ելիսոյանին հասանելի 197 000 ՀՀ դրամ գումարը հաշվակցել են վերջինիս կողմից «Գանգրահեր տղա» ՍՊ ընկերությանը վճարվելիք 747.000 ՀՀ դրամ գումարին և համաձայնության են եկել իրենց միջև առուվաճառքի  հիշյալ երկու գործարքները Արմեն Ելիսոյանի կողմից 550 000 ՀՀ դրամ գումարի վճարմամբ և թվով 119 արկղերի վերադարձմամբ ավարտելու վերաբերյալ և բանավոր պայմանավորվել են, որ նշված գումարը Արմեն Ելիսոյանը վճարելու է հետագայում՝ գումարով կամ համարժեք ապակյա դատարկ տարաներով, ինչպես նաև վերադարձնելու է ժամանակավոր օգտագործման համար ընկերությունից վերցված թվով 119 արկղերը:

Սակայն հետագայում Արմեն Ելիսոյանը առողջական խնդիրների պատճառով դադարեցրել է իր առևտրային գործունեությունը և համագործակցությունը վերոնշյալ ՍՊ-ի հետ, որի պատճառով չի կարողացել կատարել այդ ընկերության նկատմամբ ունեցած գույքային պարտավորությունը: Եղբայրները, հանդիպելով Արմեն Ելիսոյանի հետ, վերջինիցս պահանջել են մարել ընկերության նկատմամբ ունեցած գումարային պարտքը կամ տրամադրել դրան համարժեք ապակյա տարաներ, սակայն անհրաժեշտ գումար և տարաներ չունենալու պատճառով Արմեն Ելիսոյանը չի կարողացել կատարել նրանց պահանջը և խնդրել է իրեն ժամանակ տրամադրել պարտքը մարելու համար:

Միաժամանակ եղբայրները հայտնել են, որ իրենք բեռնատար ավտոմեքենան հասցրել են քաղաք Վանաձոր՝ Արմեն Ելիսոյանից իրենց նկատմամբ պարտքի դիմաց ապակյա դատարկ տարաներ ստանալու ակնկալիքով և բեռնատար ավտոմեքենայի վառելանյութի համար ծախսել են 30 000 ՀՀ դրամ գումար, Ա. Ելիսոյանը պարտավորվել է իր պարտքի հետ վճարել նաև այդ գումարը ընդունելով, որ եղբայրներին  պարտք է ընդհանուր 580.000 ՀՀ դրամի դրամ:

Այնուհետև,  Վարդան Մակինյանն Արմեն Ելիսոյանին առաջարկել է հիշյալ գույքային պարտավորության վերաբերյալ կազմել թվով 2 պարտավորագրեր, որոնցից մեկում որպես կազման ժամանակ նշել ետին ամսաթիվ՝ թվականը և կազման վայրը նշել Չարենցավան քաղաքը, իսկ մյուս պարտավորագրում նշել տվյալ օրվա ամսաթիվը և կազման վայրը:

Արմեն Ելիսոյանը համաձայնվել է  և նույն վայրում առանձին թղթերից  յուրաքանչյուրի վրա գրառել է, որ Վահրամ Մակինյանին պարտք է 580.000 ՀՀ դրամ և ընդհանուր թվով 119 արկղեր՝ առաջին պարտավորագրում որպես դրա կազման վայր Վարդան Մակինյանի առաջարկով նշելով Չարենցավան քաղաքը՝ որպես ժամանակ նշելով  03.06.2012 թվականը,  իսկ երկրորդ պարտավորագրում որպես կազման վայր նշելով ՝Վանաձոր քաղաքը, իսկ որպես ժամանակ՝ 03.10.2012 թվականը:

Նշված պարտավորագրերը կազմելուց հետո Արմեն Ելիսոյանը դրանք հանձնել է Վարդան Մակինյանին:

Սակայն հետագայում՝  2013 թ. մայիսի 8-ին, Վահրամ Մակինյանը՝ իր Արմեն Ելիսոյանից գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ քաղաքացիական հայց է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ, որպես շահագրգիռ կողմ, երրորդ անձ հանդես է եկել նաև Վարդան Մակինյանը:

Վահրամ և Վարդան Մակինյանները Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան են ներկայացրել Արմեն Ելիսոյանի կողմից 03.10.2012 թ. կազմված հիշյալ 2 նույնաբովանդակ պարտավորագրերը՝ դրանք խաբեությամբ ներկայացնելով որպես միմյանց հետ չկապված, առանձին գույքային պարտավորությունների վերաբերյալ կազմված պարտավորագրեր՝ այդ կերպ նպատակ ունենալով խաբեությամբ դատական կարգով Արմեն Ելիսոյանից իր ունեցած իրական պարտավորության՝ 580 000 ՀՀ դրամի և թվով 119 արկղերի փոխարեն հօգուտ իրենց՝ 1 734 760 ՀՀ դրամ գումարի բռնագանձման, որից  1 160 000 ՀՀ դրամը՝ որպես նշված պարտավորագրերից  յուրաքանչյուրով ստանձնած համապատասխանաբար 580.000 ՀՀ դրամը, 238 000 ՀՀ դրամը՝ որպես նույն պարտավորագրերից  յուրաքանչյուրում նշված համապատասխանաբար 119 արկղերի համարժեք գումարների հանրագումար, 86 760 ՀՀ դրամը՝ որպես Արմեն Ելիսոյանի գույքային պարտավորության կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային հաշվարկային դրույքի տոկոսներ և 250 000 ՀՀ դրամը՝ որպես հայցվորի կրած դատական ծախս: 

Ըստ նախաքննական մարմնի՝ այս կերպ Վարդան և Վահրամ Մակինյանները փորձել են նախնական համաձայնությամբ Արմեն Ելիսոյանից խաբեությամբ հափշտակել խոշոր չափերով՝ ընդհանուր 1 350 760 ՀՀ դրամ գումար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել