Tert.am-ը գրում է.
Արարատյան դաշտում ինքնաշատրվանող հորերից, որոնք նախկինում ցամաքել էին, այսօր ջուր է հոսում: Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ում հարց էր տրվել, թե ինչ է արվել Արարատյան դաշտի ընդերքային ջրերի հարցը կարգավորելու ու ապօրինի ջրօգտագործման կանխման համար:
Բնապահպանության նախարարության` Արարատյան դաշտում իրականացված աշխատանքների առաջին փուլին լուծարվել է 47 հոր, կոնսերվացվել 75-ը և փականային ռեժիմի է բերվել 195-ը:
«Երկրորդ փուլի աշխատանքների ժամանակ, քանի որ երկրում կար սակավաջրություն, կառավարությանը ներկայացրեցինք որոշում, որը մեզ հիմք տվեց հետ կանչել օրինական տրված ջրօգտագործման թույլտվությունները»,- տեղեկացրեց նախարարը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2013 թվականին հանձնարել էր կարգավորել Արարատյան դաշտի ինքնաշատրվանող հորերից հոսող ջրի խնդիրը:
Ըստ Արամայիս Գրիգորյանի` ձկնարդյունաբերությամբ զբաղվող տնտեսությունների հետ էլ բացատրական աշխատանքներ են տարվել, որ համապատասխան ջրօգտագործման դեպքում համապատասխան քանակությամբ ձուկ պահեն, ինչի արդյունքում մինչև 22 տոկոս խնայողություններ են իրականցվել:
Խնայողական տարեկան այս ցուցանիշը կազմել է 44 հազար լիտր վայրկյանում, իսկ այն խորանարդ մետրի վերածելու դեպքում այն կանի մեկ միլիարդ 70 միլիոն խորանարդ մետր ջուր:



