Tert.am-ը գրում է.

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ–ում հայտարարեց, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեից առաջ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը`  «Նույնականացման քարտերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթի հեղինակը, հանում է կրկնաքվեարկությունները բացառող հիմնական կռվանը ու տեղը ոչինչ չի առաջարկում` նշելով, որ ընտրություններից առաջ ընտրական համակարգում արմատական փոփոխություններ չի կարելի անել:

«Եթե մի երաշխիք հանում եք, ի՞նչն է խանգարում, որ մյուս երաշխիքը դնեք: Եթե ոչ, մարդիկ իրավունք ունեն մտածելու, որ եթե այդ կռվանը հանում եք, սրանով հընթացս լուծում եք կրկնաքվեարկությունների լայն բազա ստեղծելու խնդիրը: Արդեն հասկացաք` ում է պետք այդ բազան, կարծում եմ՝ հավելյալ բացատրությունների կարիք չկա:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, ստացվում է, որ նույնականացման քարտեր ունեցող 180 հազար քաղաքացու դեպքում դիտորդը կամ վստահված անձը չի կարող իմանալ` «հիմա այս մարդը ուրիշ տեղամասում քվեարկե՞լ է, թե ոչ» և տեսականորեն և գործնականորեն այդ դրոշմակնիքը  180 հազար քաղաքացու դեպքում չի լինելու:

Նիկոլ Փաշինյանը հուշեց,  որ նման դեպքերում, երբ ժամանակը քիչ է, աշխարհում ընդունված են  պրակտիկաներ, որոնցից  մեկն էլ հատուկ չջնջվող թանաքներով մատը թանաքոտելու պրակտիկան` քվեաթերթիկ տալուց առաջ։

Ի պատասխան` Հովհաննես Սահակյանը նկատեց, որ ընդամենը վերացնում են օրենքի հակասություններն ու հակասահմանադրական դրույթները, և «թույլ ենք տալիս, որ 183 հազար քաղաքացի կարողանան իրենց սահմանադրական իրավունքներն իրացնել: Դա ամենագլխավորն է»։

Իսկ կնքելը, ըստ Հովհաննես Սահակյանի, հանրային վստահությունը բարձրացնելուն կոչված հավելյալ գործիքն է, որոնք  շատ քիչ են Նիկոլ Փաշինյանի մեկ ելույթի համեմատ:

«Ես ինքս ընտրական պրոցեսին մասնակցող անձ եմ, և մեր մոտ նախընտրական, ընտրական պրոցեսները, կարծես թե, անցնում են սահուն, նորմալ, բայց հենց գալիս է 20։00-ն, ընտրատեղամասերը փակվում են, որոշակիանում են հաղթողներն ու պարտվողները , չգիտես ինչու ամբողջ օրենսդրությունը «խախտվել է», ընտրակեղծիքները շատ են»,- նկատեց Հովհաննես Սահակյանը:

Ինչ վերաբերում է մատները թանաքոտելուն, ապա այստեղ ԱԺ հանրապետական պատգամավորն ուսումնասիրել է Հնդկաստանի, Վրաստանի փորձը և տեսել դրա բացասական հետևանքները:

«Նախ մատները թանաքոտելու առումով այլ քաղաքացու կարող էր անցնել, շատ հեշտ կարող էր բենզինով, ացետոնով ջնջվել, շատերն էլ այրվածք էին ստացել»,- ներկայացրեց Սահակյանը:

Մինչ նա պատասխանում էր Նիկոլ Փաշինյանը ծիծաղում էր, ինչի առնչությամբ ԱԺ հանրապետական պատգամավորը հարցրեց, թե ինչ անեկդոտ պատմեցին, որ ծիծաղեց:

Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ,  օգտվելով  արձագանքման իրավունքից, նկատեց, որ  երբ Հովհաննես սահակյանը «Վրաստանում վատ էր»  է ասում, դա իր համար հասկանալի է, քանի որ Վրաստանում 2 անգամ իշխանափոխություններ են եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել