Tert.am-ը գրում է.

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգրկված է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի նախընտրական շտաբի կազմում և ակտիվ մասնակցում է շտաբի աշխատանքներին. լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Էդուարդ Շարմազանովը:

«Այսօր ես մասնակցելու եմ շտաբի նիստին: Ընդգրկված եմ շտաբի աշխատանքներին ողջ լիազորություններով, ես թիմի անդամ եմ և չէի կարող ընդգրկված չլինել»,- ասաց խորհրդարանի փոխխոսնակը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին, թե վերջինս դուրս է մնացել շտաբի աշխատանքներից՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած վատ հարաբերությունների պատճառով:

Էդուարդ Շարմազանովը նշեց, թե ինքը կաշխատի այն ուղղությամբ, որը կառաջարկեն կուսակցության նախագահն ու գործադիր մարմինը:

«Բնականաբար, ես հաշվի կառնեմ նաև հանգամանքը, որ ես մարզի բնակիչ եմ և ակտիվ կաշխատեմ նաև այնտեղ: Շտաբը կձևավորի մարզային հարաբերությունների գրաֆիկ, կլինեն հեռուստատեսային հարցազրույցներ: Թե ինչ հաճախականությամբ կլինեն այդ հանդիպումները, կորոշի շտաբը»,- ասաց Շարմազանովը:

Ինչ վերաբերում է նրան, որ լինելով պետական պաշտոնյա, ինքը մասնակցում է հանրաքվեի շտաբի աշխատանքներին, ապա Շարմազանովն ասաց, թե չկա մի օրենք, որը կարգելի ընդգրկվել շտաբի կազմում:

«Դրա համար որևէ խոչընդոտ չկա»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած հարաբերություններին, Շարմազանովը հավաստիացրեց. «Հովիկ Աբրահամյանի հետ փայլուն հարաբերություններ ունեմ, ինչպես իմ բոլոր գործընկերների հետ: Ես իմ բնույթով կոնֆլիկտային մարդ չեմ, ավելի շատ հարաբերություններ, կամուրջներ կառուցող անձնավորություն եմ, թիմային խաղացող, ուստի անհնար է քաղաքական գործընկերներիս հետ ունենամ վատ հարաբերություններ: Կոնկրետ վարչապետի հետ ունեմ աշխատանքային, մարդկային, ջերմ հարաբերություններ»:

Սահմանադրական հանրաքվեից խոսելով՝ Շարմազանովն ասաց, թե վերջնական խոսքը ՀՀ քաղաքացուն է պատկանում. «Ամեն ինչ որոշելու է Հայաստանի քաղաքացին: Չկա խնդիր՝ ամեն ձևով, գնով հանրաքվե ապահովել, ոչ։ Խնդիրը դրված է հետևյալում՝ հանրաքվեն անցկացնել ժողովրդավարական ճանապարհով, միջազգային չափանիշներին համապատասխան՝ ժողովրդին ներկայացնելով նոր Սահմանադրության առավելությունները»:

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ որևէ մեկը իրավունք չունի բռնանալ ժողովրդի կամքին:

Նորացված փաստաթուղթը, Շարմազանովի խոսքով, անհամեմատ ավելի ժողովրդավար է, քան գործող Սահմանադրությունը, անհամեմատ ավելի մեծ լիազորություններ է ընձեռում ընդդիմությանը, ավելի լավ է ապահովում իշխանության տարանջատման սկզբունքը, քան գործող Սահմանադրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել