Panorama.am-ը գրում է.
Սպասվում է, որ այս շաբաթ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հասթերթը մեղավոր կճանաչվի գաղտնի վճարումներ կատարելու համար՝ դպրոցում ըմբշամարտի մարզիչ եղած ժամանակ իր կողմից սեռական բռնության ենթարկված տղաների լռությունը գնելու համար: Դաշնային դատախազների հետ մեղքի ընդունման այս գործարքը կնիք կդնի նրա դատական արձանագրությունների վրա, այդպիսով հանրությունից թաքցնելով նրա դեմ վկայությունների մանրամասները:
2005 թվականից ի վեր, երբ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին թարգմանչուհի Սիբել Էդմոնդսը բացահայտեց ԱՄՆ կառավարության ամենաբարձր մակարդակներում տիրող կոռուպցիան, վրդովված քաղաքացիներն անհամբեր սպասում են, որ իրավապահ մարմինները կքննեն նրա ցնցող բացահայտումները:
Հաշվի առնելով, ցավոք, Վաշինգտոնի և ամերիկյան գլխավոր լրատվամիջոցների երկարատև լռությունը, ես կարծում եմ, որ ժամանակն է մեկ անգամ ևս բացահայտել թուրքական խմբերի կողմից խոսնակ Հասթերթին կաշառելու մասին պնդումների սկանդալային քողարկումը:
Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից և Ազգային շահերի խորհրդի գործադիր տնօրեն Ֆիլիպ Ջիրալդին, «Ամերիքըն կոնսերվատիվ» կայքէջում անցյալ շաբաթ թողարկեց օտարերկրյա կառավարությունների կողմից խոսնակ Հասթերթին շանտաժի ենթարկելու չարաբաստիկ մանրամասները:
Էդմոնդսը ՀԴԲ-ի իր պաշտոնից հեռացվեց՝ իր վերադասներին ամերիկյան պետական կառույցներ թուրք գործակալների ներթափանցումը բացահայտելուց հետո, «որոնք ձգտում էին ազդել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության վրա, իսկ երբեմն էլ զբաղվելով ապօրինի գործունեությամբ»՝ ըստ Ջիրալդիի: «Կոռուպցիայի ծավալները ընդգրկում էին բարձրաստիճան պետական պաշտոնյաների և կոնգրեսականների կաշառակերությունը՝ էմբարգոյի ենթարկված երկրների համար արտահանման թույլտվություններ դասավորելու և գաղտնի տեղեկատվություն բացահայտելու համար», գրել է Ջիրալդին:
2009 թ. ցուցմունքում Էդմոնդսը բացատրեց, որ Հասթերթը «գլխավոր ամերիկացիների թվում էր, որոնք ներգրավված էին այնպիսի գործողություններում և գործունեության մեջ, որոնք անօրինական էին, և ոչ թե Միացյալ Նահանգների ազգային շահերի համար էին, այլ օտարերկրյա կառավարությունների և կառույցների»: Նա Հասթերթի իրավախախտումը նկարագրում է որպես. «Խոշոր չափերի կաշառքի ընդունում կանխիկ գումարի կամ «լվացված» փողերի տեսքով և դրանց լվացում, դրանք դարձնելով օրինական իր արշավների, ինչպես նաև անձնական օգտագործման համար՝ որոշակի հովանավորչություն անելու և որոշ գործողությունների կոչ անելու նպատակով, որպեսզի որոշակի բաներ արվեն օտարերկրյա կառույցների և կառավարությունների, Թուրքիայի կառավարության և թուրքական գործարար կառույցների շահերի համար»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



