![]()
Lurer.com–ը գրում է.
Թուրքիայի և Ռուսաստանի միջև սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում ունեցած տարաձայնությունների հետևանքով լարված քաղաքական հարաբերությունների ֆոնին սրվել են նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունները: Թուրքիայի պետական գազային և նավթային BOTAŞ ընկերությունը դիմել է Միջազգային առևտրային պալատի (ICC) արբիտրաժային դատարան՝ կապված Ռուսաստանից գնվող բնական գազի գնի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին Reuters գործակալության հետ զրույցում հայտնել է էներգետիկ ոլորտի պաշտոնյաներից մեկը՝ հավելելով, որ պատճառը Անկարայի և Մոսկվայի միջև ամիսներ տևած բանակցությունների անարդյունավետությունն է:
2015 թվականի փետրվարին Թուրքիայի այն ժամանակվա էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտնել էր, որ Անկարան ստացել է 10.25 տոկոս զեղչ Ռուսաստանից 28-30 միլիարդ խորանարդ մետր գազ գնելու դիմաց: Սակայն երկու կողմն էլ մինչ օրս վերջնական ստորագրություն չի դրել այդ համաձայնությունը հաստատող փաստաթղթի տակ:



