ԱԺ-ում հայտարարությունների ժամի հայտարարությանս տեքստը
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր ես մեկ հատ լավ նորություն ունեմ հայտնելու, մեկ հատ էլ վատ: Ըստ ժանրի կանոնների՝ այստեղ պիտի հարցնեի, թե որից սկսեմ, բայց կսկսեմ վատից:
Ուրեմն վատ նորությունը: Մենք բոլորս՝ պատգամավորներով, իշխանություններով, ընդդիմությունով, պահպանողականներով, ազատականներով, թայֆայականներով, ինստիտուցիոնալներով, շատ ելույթ ունեցողներով կամ միայն կնոպկա սեղմողներով, այսինքն՝ բոլորով միասին մեր ժողովրդին հետաքրքիր չենք: Ընդհանրապես հետաքրքիր չենք: Անշուշտ, սա շատ դրական երևույթ կլիներ, եթե Հայաստանը լիներ բարեկեցիկ արևմտյան երկրներից մեկը. այնտեղ նման երևույթներն ավելի քան բնական են: Իսկ մեզ մո՞տ... Իսկ մեզ մնում է ձև անել, իբր քաղաքական գործիչների ու ուժերի հետևում սատարող հոծ ժողովուրդ կա, և ինչքան հնարավոր է բարձր խոսել ժողովրդի անունից, ժողովրդի համար: Ճիշտ այն պատմության նման, երբ պապը թոռանը վստահեցնում էր, որ դևն իրեն կերել է: Բա հո ուրիշ բան չէ՞ր կարող ասել:
Հիմա լավ նորությունը: Տարիների ընթացքում մենք հաջողությամբ ավիրել ենք ամեն ինչ, ինչին կարելի է վստահել, այդ թվում և սոցիոլոգիան: Այսօր արդեն ոչ ոք ոչ ոքի չի թողնի հավատալ նույնիսկ ամենահավաստի սոցիոլոգիական հետազությունների արդյունքներին: Հավատացողը դավաճան է սկզբունքով: Այստեղից բխում է իմ այսօրվա լավ լուրը. այն է՝ ոչ ոք չի կարող ապացուցել իմ նշած վատ լուրը, և հետևաբար ոչ ոք ըստ էության չգիտի դրա մասին:
Այս երկու նորություններից հետևում է մեկ տրամաբանական եզրահանգում. բոլորն իրավունք ունեն խոսել ժողովրդի անունից, ինքնավստահ կամ ուժեղ լինել ժողովրդի ուժով, անսխալական համոզված ներկայանալ գալիք հանրաքվեի և ընտրությունների արդյունքներով:
Սա իրականություն է. իրականություն, որ ծնունդ է ժխտողականության, մեծամտության, եսակենտրոնության ու ինքնասիրահարվածության, որոնք տարիներ շարունակ քաղաքական դաշտն ուղղել է դեպի հասարակություն ու հիմա լիուլի հետ է ստանում:
Ահա այսպիսի ոչ կառուցողական խոսք ստացվեց այսօր մոտս, որ արդյունքն է վերջին օրերի ընթացքում կոստյում չհագնող մարդկանց հետ իմ շփումների:
Շնորհակալություն: