99454_crop_0Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի կառավարության կողմից քննադատող ձայները ճնշելը չափազանց բացասական ազդեցություն է ունենում նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա։ Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի ղեկավար Իզաբել Սանթոսը։

Նրա խոսքերով՝ ՀԿ-ի ղեկավար Անար Մամեդովը չի կարող բանտից մոնիտորինգի ենթարկել այդ ընտրությունները, իսկ լրագրողուհի Խադիջա Իսմայիլովան չի կարող գրել դրանց մասին՝ բանտարկության մեջ գտնվելու պատճառով։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներ են դարձել Ինթիգամ Ալիևը, Ռասուլ Ջաֆարովը, Լեյլա Յունուսը և այլ իրավապաշտպաններ ու կառավարության քննադատներ. «Խորհրդարանական ընտրությունների շեմին կարևոր են քննադատական ձայների մասնակցությամբ բանավեճերը՝ հստակեցնելու համար երկրի հետագա շարժվելու ուղին։ Ադրբեջանի քաղաքացիները կտառապեն այն լռությունից, որը պարտադրել է երկրի կառավարությունը»։

Ավելի վաղ ԵԱՀԿ ԽՎ ղեկավարությունը չեղյալ է հայտարարել Ադրբեջանի ընտրությունները մոնիտորինգի ենթարկելու առաքելությունը՝ կապված նրա իշխանությունների կողմից ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելությունը սահմանափակելու որոշման հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել