Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր ԱԺ հերթական նիստում, անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին, ասաց, որ ամբողջությամբ ընթերցել է և եկել է այն եզրակացության, որ չարժեր դա անել:

«Հինգ հարյուր էջ ամբողջության մեջ խոշոր հաշվով ջուր ծեծոցի»,- ասաց նա և նշեց, որ այնպիսի զարմանահրաշ ձևակերպումներ ենք հանդիպում ՄԻՊ-ի տարեկան զեկույցում, որ եթե Երվանդ Օտյանը, Պարոնյանը նախախնամության կամքով տեղեկանային, մեր երգիծական գրականությունը մեծ ձեռքբերումներ կունենար»,–ասաց նա:

«Միթե՞ կարելի է այդքան անլրջացնել մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված տարեկան զեկույցը: Եթե օրենքի պարտադրանքով ՄԻՊ զեկույցը Ազգային ժողովում չքննարկվի, գուցե ստացվի այնպես, որ մեր հասարակությունը ընդհանրապես տեղեկություն չունենա ինչով է զբաղվում մարդու իրավունքների պաշտպանը»- ասաց նա և անլուրջ համարեց, որ այդքան միջոցներ են ծախսվում, որպեսզի «ունենանք այդքան անատամ և խոշոր հաշվով ոչինչ չասող տարեկան զեկույց»:

Ըստ Սամվել Ֆարմանյանի՝ մենք ոչ թե ինստիտուտի հեղինակության աճ ունենք, այլ նախկինում  ունեցած հեղինակության մսխում:

Ինչ վերբերում է ՄԻՊ-ի զեկույցի՝ բանակին վերաբերող մասին, նա ասաց.«Ադրբեջանական զինված ուժերի կողմի խոցվեց մեր ուղղաթիռը, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում, և ինչ է արել մեր մարդու իրավունքների պաշտպանը, նամակով դիմել է մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարին, և՞»,-ասաց նա և հարց բարձրացրեց, թե «որտե՞ղ էին Ձեր գործողությունները, որտե՞ղ էին դրանց արդյունքը»:

«Ոստիկանները ցուցարարների հետ Բաղրամյան պողոտայում խնդիրներ են ունենում Դուք չկաք, ոչ թե ֆիզիկապես չկաք, այլ նաև Ձեր ինստիտուտինը չկա, Դուք որևէ տեղ չկաք: Ձեր ներկայությունը երկրում, պարո՛ն Անդրեասյան Ձեր ինստիուտին նկատի ունեմ, բայց իմ ասածը Ձեզ է վերաբերում….: Հարյուր տաս հայտարարությամբ է Մարդու իրավունքների պաշտպանը հանդես եկել, մի հատ էլ գրեիք, որ հատուկ հինգ հատ էլ երազ եք տեսել այդ առիթով»,- ասաց նա և նշեց, որ պետք է ցույց տրվի գործողությունների իրական արդյունքը:

«Անկեղծ ասած ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Ձեզ հանգիստ չի տալիս ամենաանհաջող կադր լինելու դափնին»,-ասաց նա:

Սամվել Ֆարմանյանը նշեց, որ երիտասարդ ընտանիքների բնակարաններով ապահովելու հաջողված ծրագրում անգամ պաշտպանը խախտում է նկատել: «Ինձ մոտ տպավորությունն այնպիսինն է, որ եթե իշխանությունները լինեին բավական գռեհիկ և ստեղծեին միջատների բազմացման հարցով զբաղվող նախարարություն, Դուք հաջորդ տարի Ձեր զեկույցում կգրեիք, որ այդ ոլորտում ևս մարդու իրավունքները խախտվել են»։

Սամվել Ֆարմանյանի ելույթի վերջում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Դաժան էր, դաժան, պարո՛ն Ֆարմանյան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել