Մինչ միջազգային հանրությունն ակտիվորեն քննարկում է սիրիական հակամարտությանը Ռուսաստանի ներգրավվածության ձևական կողմը, շրջանառում ռազմական իրավիճակի վերաբերյալ իրականությանը համապատասխանող լուրեր, իսկ ավելի հաճախ՝ ապատեղեկատվություն, ակնհայտորեն աչքաթող են արվում բուն սիրիական ռազմադաշտում տեղի ունեցող չափազանց կարևոր զարգացումները:
Բանն այն է, որ քանի դեռ ռուսական օդուժն ու սիրիական բանակային ստորաբաժանումները լրջորեն զբաղված էին հակակառավարական որոշ խմբավորումների դեմ պայքարով, հոկտեմբերի 23-24-ին «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության զինյալները լայնամասշտաբ հարձակման էին անցել Հալեպի հարավում՝ մինչ այս մշտապես կառավարական ուժերի և ընդդիմադիր տարաբնույթ խմբավորումների համար կռվախնձոր հանդիսացած ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Խանասիր շրջանի վրա, որը երկրի կենտրոնական Համա նահանգը կապում է Հալեպի հետ: Ի դեպ, այս ճանապարհը համարվում է Հալեպի արևմտյան հատվածը վերահսկող կառավարական ուժերին մատակարարումներ ապահովելու և առհասարակ Հալեպ ելումուտ կատարելու բացառիկ ուղին: Իսլամականները սիրիական բանակային ստորաբաժանումներից գրավել էին վերոնշյալ ճանապարհին տեղակայված թվով 8 դիրքային հենակետեր, ինչպես նաև մի քանի միավոր զրահատեխնիկա:
Եվ ահա, վերջին երկու օրերի ընթացքում շրջանում գրանցված կատաղի մարտերից հետո կառավարական ուժերին հաջողվել է վերադարձնել վերահսկողությունը Խանասիր ավանի նկատմամբ:
Վերոնշյալ մարտերը կարևորվում են ևս մեկ հանգամանքով. դրանք սիրիական բանակային ստորաբաժանումների և ԻՊ-ի զինյալների միջև գրանցված հազվադեպ անմիջական բախումների շարքից են:



