Հայկական շոու բիզնեսի շատ ներկայացուցիչների շատ տեսահոլովակներում իրենց մասնակցությունն ունեն «Ամարաս» պարային համույթի անդամները: Երեկ՝ համույթի քսանամյակին նվիրված երեկոյի ընթացքում, մեր երգիչ-երգչուհիները երգեցին, պարեցին ու շնորհավորեցին արդեն քսան տարեկան ամարասցիներին: BlogNews.am-ը ներկայացնում է նրանց մաղթանքները:

Քրիստինե Պեպելյան

««Չէ, չէ, չէ» երգն իմ առաջին պարային երգն էր, և «Ամարասն» առաջին անգամ էր աշխատում ինձ հետ: Այսօր՝ տարիներ հետո, կրկին այդ երգն եմ կատարելու, և կվերհիշենք այն, չնայած մի քիչ փոփոխված տարբերակով է: Ի տարբերություն այլ երգիչ-երգչուհիների՝ ավելի քիչ եմ աշխատելու հնարավորություն ունեցել «Ամարասի» հետ, քանի որ իմ երգացանկում ավելի դանդաղ երգեր են, պարելուց լավ չեմ, բայց դա մի քիչ հարաբերական է, ավելի շատ ինքս չեմ ուզում պարային վիճակով ներկայանալ, քանի որ ամեն ինչ ցանկության մեջ է»:

Խոսելով Վիկայի բնավորության մասին՝ Քրիստինեն նշեց. «Նա շատ պահանջկոտ է, խիստ է, փորձում է յուրաքանչյուրին իր կերպարում հնարավորինս մաքսիմալ ներկայացնել: Մենք շատ մտերիմ ընկերուհիներ ենք, ու կարող եմ ասել, որ իրարից հեռու չեն ընկերուհու և պարուսույցի կերպարները, բայց միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ բավականին հեռու են: Աշխատանքի ժամանակ, բնականաբար, պետք է մոռանանք այն մասին, որ մենք ընկերուհիներ ենք, որ կարողանանք հնարավորինս մեզ նվիրել աշխատանքին և մաքսիմալ լավ արդյունք ստանալ»:

Արամե

«Ուղիղ տասը տարի առաջ էր, երբ «Իմն ես, իմ սեր» տեսահոլովակի շրջանակներում սկսեցինք համագործակցել «Ամարասի» հետ։ Մեծ հաջողություն ունեցան թե՛ երգը, թե՛ տեսահոլովակը, իսկ պարային շարժումները բոլորի համար դարձան քննարկման թեմա, շատերը նաև կրկնօրինակում էին դրանք»:

Այդ երգն Արամեի առաջին ռիթմիկ աշխատանքն էր, քանի որ մինչ այդ նա ներկայացրել էր ավելի դանդաղ երգեր. «Մենք հետո նկարահանեցինք այդ տեսահոլովակի շարունակությունն «Ամարասի» հետ, եղան նաև համատեղ բազմաթիվ համերգներ, համագործակցություններ, հետո մի քանի տարի համագործակցության դադար եղավ: Հիմա իսկապես ուրախ եմ իմ ընկերների համար, որ եկավ մի օր, երբ իրենք հաստ կետ դրեցին իրենց գործունեության մեջ և ապացուցեցին, որ իրենց գործի վարպետներն են: Մեր էստրադայից շատ երգիչներ «Ամարասին» են վստահել իրենց աշխատանքները և համերգները»:

Հռիփսիմե Հակոբյան

Հռիփսիմե Հակոբյանի «Լոկա-լոկա» տեսահոլովակը, որտեղ հանդես եկան ամարասցիները, բավականին աշխույժ էր, այնտեղ երգչուհին արդեն հղի էր. «Միայն կասեմ, որ բավականին պրոֆեսիոնալ պարային համույթ է «Ամարասը», Վիկան էլ իր գործը շատ լավ գիտի: Ես էլ եմ շնորհավորում նրանց, մաղթում եմ բազում նոր քսանամյակներ միասին»:

Բացի նրանից, որ Վիկան և Հռիփսիմեն համագործակցում են, նրանք նաև լավ ընկերուհիներ են. «Շուտով կլինի նոր տեսահոլովակ՝ նոր լուծումներով, նոր կերպարով»,-խոստացավ Հռիփսիմեն:

Մարտին Մկրտչյան

«Մենք համագործակցում ենք միասին 2011 թվականից, բայց երկար տարիներ ընկերներ ենք եղել ինչպես Վիկայի, այնպես էլ նրա ամուսնու հետ: «Այս երգը քոնն է» տեսահոլովակում «Ամարասն» է պարել, իսկ հետո՝ «Շնորհավոր» տեսահոլովակում, նրանց հետ միասին պարեցի նաև ես: Ես այդքան էլ սեր չունեմ պարելու հետ, չնայած որ փոքր տարիքում պարով եմ զբաղվել»:

«Գիտեմ, որ շատ աշխատանք են տարել այս համերգի վրա, ուզում եմ, որ այն իրենց սպասելիքներն արդարացնի: Շուտով պատրաստվում է նոր տեսահոլովակ, որտեղ իրենց մասնակցությունը կունենան նաև ամարասցիները: Ուրախ եմ, որ Հայաստանում կա նման պարային համույթ. նրանք միշտ առաջինն են»,-ընդգծեց Մարտինը:

Սիլվա Հակոբյան

«Մեր համագործակցությունն ավելի նախագծային է եղել, հետո արդեն «Ամարասն» իմ տեսահոլովակներում է հանդես եկել, բայց նրանց ես շատ վաղուց եմ ճանաչում: Ես չեմ բացառում, որ կլինի նոր տեսահոլովակ, որտեղ ամարասցիներն իրենց մասնակցությունը կունենան։ Նրանց ուզում եմ մաղթել, որ հաջողությունները միշտ ուղեկցեն իրենց, իսկ իրենք միշտ առաջ գնալու ձգտում ունեն»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել