Ուղիղ 20 տարի առաջ հոկտեմբերի 25-ին հիմնվել էր «Ամարաս» պարային համույթը: Երեկ ամարասցիները հանդիսատեսին ներկայացրեցին 20 տարիների իրենց աշխատանքի արդյունքը, իսկ BlogNews.am-ը ֆիքսեց երեկույթի հետաքրքիր պահերը:

«Մոտ երեք ամիս պատրաստվել ենք այս համերգին, հորս, մորս, երգիչներին, պարուհիներին, բոլորին խառնել էինք իրար,-պատմում էր համույթի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը։-Հոկտեմբերի 25-ին լրացավ հորս ու մորս ստեղծած «Ամարաս» պարային համույթի 20 տարին, քսան տարի առաջ այս օրը մենք առաջին դասն ենք ունեցել, և այդ ժամանակ եղել են ընդամենը 5 աշակերտ: Շատ ափսոս, որ մեր ամենահին աշակերտները մեր կողքին չեն, նրանք հիմա Պարի պետականի սաներն են և հյուրախաղերի են գնում Եվրոպայի տարբեր քաղաքներով: Մենք արեցինք նաև նոր բեմադրություններ, կային նաև արդեն սիրված և հին բեմադրություններ: Ես շնորհակալ եմ նաև երգիչ-երգչուհիներին, որ մեր կողքին էին, որ դիմացան ինձ, մոտ երկու ամիս նրանց փորձերի էի կանչում, հետագայում այդ ամենը վիդեո-տարբերակով կտեսնեք, շնորհակալ եմ ռեժիսոր Արթուր Մանուկյանին, շնորհակալ եմ իմ ամուսնուն, որ թողեց՝ այսքան ժամանակ ինձ նվիրեմ իմ արվեստին, և ինձ ուժ տվեց, որ առաջ գնամ և կարողանամ իմ երազանքն իրականացնել»։

Վիկայի քույրը նույնպես պարում էր Ամարասում, նա է սկսել ամեն ինչ, երբ Վիկան դեռ սովորում էր Պարարվեստի ուսումնարանում. «Նա հիմա ամուսնացել է, գնաց երկրից և ամեն ինչ փոխանցեց ինձ: Ասեմ, որ Էրիկի, Էմմիի առաջին ուսուցիչը նա է եղել: Ինչպես տեսնում եք՝ հիմա արդեն ես եմ շարունակում և շարունակելու եմ մինչև վերջ: Խոսք եմ տալիս, որ ամեն հինգ տարին մեկ «Ամարասի» տարեդարձը նշվելու է և նշվելու է ավելի ու ավելի ուրախ»,-խոստացավ Վիկան:  

«Ամարաս» պարային համույթի անդամներին այսօր կարելի է տեսնել հայկական շոու բիզնեսի շատ ներկայացուցիչների տեսահոլովակում, նրանք միաբերան պնդում են, որ Վիկան չափազանց լուրջ և խիստ է վերաբերվում իր աշխատանքին։ «Երևի դա եկել է իմ դասատուից, չեմ կարող դրա մասին չնշել, որովհետև ես ութ տարեկանից դա եմ տեսել դասական արվեստի իմ ուսուցչուհուց՝ Աննա Մարիկյանից, ով ինձ  սարքել է մարդ պարարվեստում, ով սովորեցրել է ինձ այն ամենը, ինչ կարևորագույնն է պարավեստում,-մեկնաբանեց Վիկան,- դրանից է, որ ես աշխատանքների ժամանակ նույն կերպ եմ վերաբերվում երգիչներին: Դահլիճում, փորձերի ժամանակ ես ուրիշ մարդ եմ, իսկ դահլիճից դուրս շատ հանգիստ, ընկերական եմ»:

Երեկոյի ընթացքում չկար հաղորդավար, կային պարզապես լավ բեմադրված համարներ, որոնք հաջորդում էին մեկը մյուսին: Վիկան նշեց, որ հաղորդավարի բացակայությունը Քրիստինե Պեպելյանի գաղափարն էր. «Բնականաբար, դա իմ ամենասիրելի ընկերուհու՝ Քրիստինե Պեպելյանի մտահղացումն էր, նա շատ հետաքրքիր մտքեր է ինձ տալիս, նա ինձ համար շատ թանկ է և առաջին մարդն է, ում ես ասել եմ համերգի մասին: Առաջինը, ինչ նա ինձ խորհուրդ տվեց, այն էր, որ համերգի ընթացքում չլինի հաղորդավար, և մենք մեր ուժը ցույց տանք միայն բեմադրություններում. որքան հնարավոր է շատ պար և քիչ խոսք»:  

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել