Tert.am-ը գրում է.
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միջազգային պատվիրակություններից արդեն հետ է կանչել իր անդամներին, լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Միջազգային պատվիրակություններից բոլորը, այդ թվում նաև ես, հետ ենք կանչվել: Ես ինքս ինձ հետ եմ կանչել երկու կարևոր առանցքային պատվիրակություններից՝ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովից, որտեղ ես քաղաքական հանձնաժողովի փոխնախագահն էի, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի վեհաժողովից»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, թե միջազգային պատվիրակություններից հետ է կանչվել Ստեփան Մարգարյանը, ով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական վեհաժողովի անդամ էր, Էլինար Վարդանյանը, ով ՆԱՏՕ-ի անդամ էր,
Միքայել Մելքումյանը, ով Սևծովյան համագործակցության հանձնաժողովի անդամ էր:
«Բոլորն արդեն հետ կանչված են, Գալուստ Սահակյանի գրությունը ստացել ենք, որ ձեր դիմումի համաձայն վերոնշյալ անձինք, այդ թվում ես, հետ ենք կանչվել պատվիրակությունների կազմից»,-ասաց Ն. Զոհրաբյանը:
ԲՀԿ ղեկավարի խոսքով՝ այս պահին խմբակցությունը հինգ ազատ տեղ ունի միջազգային պատվիրակություններում, ուստի առաջիկա օրերին կքննարկեն հարցն ու կան անհրաժեշտ փոխատեղումները։
Ինչ վերաբերում է հարցին, որ Ստեփան Մարգարյանը և Էլինար Վարդանյանը դեռ վարում են հանձնաժողովների նիստերը, որտեղ նախագահում են, Զոհրաբյանը նկատեց. «Երբեմն ինձ համար հասկանալի չէ, կամ իմ որոշ լրագրող գործընկերներ միտումնավոր միջազգային պատվիրակություններից հետկանչը շփոթում են մշտական հանձնաժողովներից հետկանչի հետ, մշտական հանձնաժողովներից հետկանչի խնդիր չենք քննարկել, խոսքը վերաբերել է բացառապես միջազգային պատվիրակություններին»:



