Այս տարվա հուլիսին մի քանի ընկերներով սկսեցինք վերլուծել ԱՄՆ-ում Ադրբեջանի լոբբիստական ծախսերը։ Բոլոր տեղեկություններն արտասահմանյան կազմակերպությունների ու ԱՄՆ լոբբիստական կազմակերպությունների համագործակցության մասին հրապարակվում են ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի կողմից։ Շուտով ավարտեցի ինֆոգրաֆիկան, որտեղ ներկայացված են Ադրբեջանի իրականացված ծախսերն (միայն գրանցվածները) ԱՄՆ-ում լոբբիստական գործունեության ծավալելու ուղղությամբ։ Այս գրաֆիկում տեղ է գտել տեղեկությունների հսկա ծավալ, մինչդեռ, համոզված եմ՝ դեռ զգալի մասը մնում է չգտնված՝ քողարկված լինելով ֆիկտիվ անունների տակ։ Զգալի աշխատանք է տարվում՝ դատելով մամուլի ու իրավապաշտպան կազմակերպությունների հրապարակումներից, նաև նվերների ու անուղղակի աջակցության միջոցով։
Պատվիրատուների ցուցակում են ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանությունը, ԱՄՆ-ում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանը, Ամերիայում Ադրբեջանի «Ալյանսը», Ադրբեջանի պետական նավթային կազմակերպությունը, ԱՄՆ-ադրբեջանական առևտրի պալատը, Ադրբեջանի միջազգային բանկը, նախագահի աշխատակազմը, ինչպես նաև «Ռենեսանս Ասսոշիէյթս» Բաքու ու «Ռենեսանս Ասսոշիէյթս» SA անունները կրող կազմակերպություններ, ինչպես նաև կազմելով Նավթի ու գազի կազմակերպություն։
Կապալառուների թվում են «Ֆաբիանի էնդ Կո», «Կարպինո և Ասոշիէյթս», «Փեթն-Բոգս, Պոդեստա Գրուպ», «Բոբ Լոուրենս և Ասոշիէյթս», «Քրեյն Գրուպ», «Լիվինգսթոն Գրուպ», «Թուլ Շեդ Գրուպ», «Ջեֆերսոն Ուոթրման» ընկերությունները, լրատվական ծառայությունները, որոնք գտնվում են վերոնշյալ լոբբիստների ու հարակից անձանց ազդեցության տակ՝ «The New York Times», «Washinton Times», «Forreign Affairs», «Huffington Post», «The Hill» և այլն։
Հ.Գ. Հուլիսից մինչ այսօր Ադրբեջանը սպառել է լրացուցիչ մի քանի միլիարդ դոլար՝ մանաթի արժեքը կայուն պահելու համար, այսօր ընկղմվել է ավելի խորը ճգնաժամի մեջ, ու հետաքրքիրն այն է, որ ամենաշատ գումարները ծախսող Ամերիկայի ադրբեջանական «Ալյանս» կազմակերպությունը, որը ղեկավարում էր Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդի Անար Մամադովը, հայտարարել է իր լուծարման մասին։ Հսկա ծավալների գումարներ են ծախսել, սակայն առարկայական հաջողության այդպես էլ չեն հասել։ Սակայն հասցրել են լոբբիստների շրջանում շատ փող ունեցող մարդկանց հեղինակություն ձեռք բերել, ու այսօր արդեն հասել են մի արդյունքի, որ, օրինակ, հայկական կազմակերպությունները կարող են անել անվճար, իսկ իրենցից կպահանջեն 4 անգամ մեծ գումար։ Իսկ ճգնաժամի խորացման հետ մեկտեղ Ադրբեջանի լոբբիի ապագան բավական մռայլ է։