Tert.am-ը գրում է.
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպել մինչև տարեվերջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Շատ կարճ ժամանակ է մնում, մենք պետք է ճշտենք նախագահների հետ նրանց զբաղվածության գրաֆիկը՝ հանդիպումը կազմակերպելու համար»,-ասաց ամերիկացի համանախագահը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր Հայաստանում են և կհանդիպեն ՀՀ նախագահի, արտաքին գործերի նախարարի հետ, իսկ վաղը կմեկնեն Լեռնային Ղարաբաղ:
Ջեյմս Ուորլիքը նշեց, որ համանախագահների այցի նպատակը տարածաշրջան՝ երկու երկրների նախագահների հանդիպման մանրամասների ճշտումն է:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը նաև ասաց, թե իրենք տեղյակ են, որ դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի է ունենալու Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, և ըստ այդմ, նախագահների հանդիպումը, հավանաբար, կլինի դրանից հետո՝ մինչև տարեվերջ:
Լեռնային Ղարաբաղում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո նրանք կհատեն շփման գիծը և կմեկնեն Ադրբեջան: Քննարկվող հարցերի շրջանակը և Հայաստանում և Ադրբեջանում, նրա խոսքով, շատ են: Նրանք քննարկելու են հրադադարի խախտման դեպքերը, բռնությունների աճը սահմանին և ծանր զենքի օգտագործման հարցը:
«Ծանր զենքի օգտագործումը սահմանին հանգեցնում է լարվածության մեծացմանը, իսկ մեր խնդիրն այն է, որ լարվածությունը թուլանա»,-ասաց Ջեյմս Ուորլիքը:



