Lragir.am-ը գրում է․
«Վալդայ» ակումբի հավաքները դադարել են հետաքրքիր լինել մասնակիցների համար, եւ ոմանք մասնակցել են միայն երկար համոզելուց հետո: Պուտինի համար այս հավաքն ընդունելի քաղաքական գործիչների շարքը վերադառնալու իր երազանքի մասին հայտարարելու հնարավորություն է:

«Վալդայի» շատ մասնակիցներ լավ հայտնի են արեւելաեվրոպական փորձագիտական հանրությանը, եւ նրանց կարծիքը կարելի է նախապես ենթադրել: Սակայն, բրիտանացի երկու մասնակիցների՝ Անատոլ Լիեվենի եւ Օկսանա Անտոնենկոյի կարծիքով, ամեն ինչ այնքան կանխատեսելի էր, որ տպավորություն էր, թե ելույթ է ունենում ոչ թե ահռելի երկրի նախագահը, այլ սովորական ռուս քարոզիչ:

«Վալդային» ներկա Իրանի խորհրդարանի նախագահ Լարիջանին չփրկեց Պուտինին, ով չափազանց նվաստ ու խղճուկ տեսք ուներ:

Պուտինի ելույթի հարցերն այնքան կտրուկ չէին, ինչպես լինում է ասենք Մյունխենում կամ փորձագիտական այլ հավաքներում: Սակայն նման բնույթի հարցերի բացակայությունը եւս մեկ անգամ ցույց է տվել, որ ոչ ոք այլ բան չէր սպասում, բացի Պուտինի խնդրանքից ու աղերսանքից՝ իրեն վերադարձնել քաղաքակիրթ ակումբ:

Չնայած նրա բերած, իր կարծիքով, «սկզբունքային» փաստարկներին, նա իսկապես խնդրողի դերում էր: Ռուսաստանն օգտագործում է քարոզչություն անելու ցանկացած հնարավորություն, եւ գլխավոր քարոզիչներ են դարձել նախագահն ու արտաքին գործերի նախարարը:

Եկարատեւ դեմագոգիայից հետո Պուտինը ստիպված էր խոստովանել, որ Ռուսաստանը կարիք ունի վերադառնալ ընտրյալ պետությունների շարքին, եւ այդ նպատակով է սկսել Սիրիայի տարածքի ռմբակոծությունները:

Իհարկե, ռուսները դրել են բազմավեկտոր խնդիր, այդ թվում Ուկրաինայից ուշադրությունը շեղելու, «Սիրիա Ուկրաինայի դեմաց» փոխանակման, Ռուսաստանի հանրության ուշադրությունը մոտեցող աղքատացումից շեղելու, ինչպես նաեւ վասալ երկրների շանտաժի եւ նրանց Իսլամական պետությամբ վախեցնելու խնդիրները:

Սակայն գլխավոր խնդիրը մնում է Ռուսաստանի վերադարձն այն պետության վիճակին, որի հետ ԱՄՆ-ն ու Արեւմտյան հանրությունը կհամաձայնվեն երկխոսություն վարել որպես նորմալ պետություն, իսկ Պուտինն էլ վերադառնա «հարգարժան» եւ ընդունելի քաղաքական գործիչների շարքը:

Ներկայում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Լավրովը ստիպված է կիրառել վերջինը, ինչ ունի, որպեսզի հետաքրքրի ԱՄՆ-ին Սիրիայի ու այլ հարցերի համաձայնեցման համար՝ Լավրովին մնացել է միայն անկեղծությունը: Նա բառացիորեն աղաչում է ամերիկացիներին ընդունել Ռուսաստանի առաջարկները, առաջարկելով ինչ ասես, այդ թվում Ասադի հեռացումն իշխանությունից:

Այսինքն՝ Ռուսաստանը շատ արագ ցուցադրեց իր էությունը՝ ճակատագրի քմահաճույքին թողնել իր «գործընկերներին»: Շուտով դա կհասկանան նաեւ այն երկրները, որոնց հետ Ռուսաստանը շատ կցականար ընկերանալ սիրիական իրադարձությունների բազայի վրա, նախեւառաջ՝ Իրանը:

Վալդայի հավաքին Պուտինը համառորեն խոսում էր այն մասին, որ Սիրիան պետք է մնա ամբողջական պետություն: Դա շատ է հիշեցնում եվրոպական արժեքները, որոնք ամեն կերպ մերժում են պետությունների պետական-տարածքային կառուցվածքի վերաֆորմատավորումը:

Սակայն ռուսական քաղաքականության ցանկացած հարմարեցումն այս արժեքներին վերածվում է ընդամենը պսեւդոսկզբունքների: Ռուսաստանը պետությունների վերաֆորմատավորումից վախենում է ոչ թե եվրոպական արժեքներին հավատարմությունից, այլ այն բանի գիտակցումից, որ Մերձավոր Արեւելքում պետական նոր կազզմավորումների ստեղծումը կհանգեցնի այդ տարածաշրջանում ռուսական ներկայության լիակատար բացակայությանը:

Սակայն աշխարհքաղաքական պատճառները միանշանակ չեն: Ռուսաստանը կազմված է էթնիկ ու դավանաբանական կարկատաններից ու սպասում է փլուզման, եթե առաջանան նախադեպեր: Բացի այդ, Ռուսաստանը կթուլանա քաղաքականապես ու տնտեսապես:

Սիրիայի հակամարտության հենց սկզբից Արեւմտյան հանրությունը պնդում էր Սիրիայի տարածքային-պետական ամբողջականությունը: Ընդ որում, հույս կար, որ Ասադի ռեժիմը շուտով կընկնի: Եվրոպայի մերձավորարեւելյան հարցերով փորձագետները, սկսած 2011-ի աշնանից, խոսում էին, որ դիկտատուրաները թվում են ամուր, բայց ընկնում են մեկ օրում, նույնը սպասելով Դամասկոսում: «Գավառական» փորձագետները նրանց ասում էին, որ չարժե նման բան սպասել, եւ Արեւմուտքի խնդիրներից մեկը կրոնական խմբերի անվտանգության ապահովումն է, նախեւառաջ՝ ալավիների ու քրիստոնյաների, սակայն Արեւմոտքը կողմնորոշված էր այլ կերպ:

Դամասկոսում, Բեյրութում ու Ամմանում արեւմտյան պետությունների դիվանագետները հակված էին պնդել, որ Սիրիայի ռեժիմի հեռացումից հետո կհաստատվի ժողովրդավարական ռեժիմ, եւ երկրի բոլոր քաղաքացիները պաշտպանված կլինեն: Ցավոք, դա տեղի չունեցավ, իսկ սիրիական հակամարտությունը վերածվեց տարածաշրջանային եւ հումանիտար աղետի:

Ներկայում Արեւմուտքը ձեռնամուխ է եղել Սիրիայում ու ընդհանրապես Մերձավոր Արեւելքում պետական նոր կազմավորումների ստեղծման նոր գաղափարների ու նախագծերի ձեւակերպմանը, հասկանալով, որ միայն այդ կերպ կարելի է երաշխավորել էթնո-կրոնական խմբերի գոյությունն ու իրավունքները:

Իրադարձությունները ծավալվել են այնպես, որ ներկայում ոչ ոք չի պատկերացնում ինչպես կարգավորել իրավիճակը առանց ցամաքային գործողությունների, որին դեմ է ԱՄՆ-ն: Եվ այն պահին, երբ հասունացել է պետական նոր սահմանների ստեղծման գաղափարը, Պուտինը դեմագոգիկ հայտարարություն է անում Սիրիայի ամբողջականության պահպանման մասին:

Իրանը վաղուց հասկացել է, որ Արեւելյան Միջերկրածովյան շրջանում շիա էթնո-կրոնական փոքրամասնության պահպանումը հնարավոր է միայն Արեւմտյան աշխարհի աջակցությամբ, եւ Սիրիայում Ռուսաստանի գործողություններին հետեւում է որպես արբիտր: Իրանցիները Լիբանանում շիա համայնքի աջակցության ահռելի փորձ ունեն եւ հասկանում են, որ ավելի լավ է պահպանել շիաների լեգիտիմ իրավունքները Սիրիայի արեւմուտքում, քան կորցնել ողջ տարածաշրջանը:

Ռուսաստանը հապշտապ ռմբակոծությունների դիմեց, երբ ռուս դիվանագետները ծանոթացան Մոսկվայի Արեւելագիտության ինստիտուտի գիտնականների եւՄերձավոր Արեւելքի երկրներում ռուս անփորձ ու վատ տեղեկացված դիվանագետների զեկույցներին:

Ներկայում ԱՄՆ-ն ու նրա եվրոպական գործընկերները ձգտում են հեռու մնալ համագործակցելու վերաբերյալ ռուսների անվերջ առաջարկներից եւ Ռուսաստանին դատապատում են նոր «հավերժական» պատերազմի, երբ ռուսների ամենաողջախոհ արարքը կլիներ ռմբակոծությունները դադարեցնելը, որոնք կատարվում են սիրիական ընդդիմության դեմ:

Ռուսաստանը փորձում է շատ ուղղություններով իսլամ արմատականների հետ սպասվող ռազմական հակամարտություններին ներքաշել ոստիկանական թիմը ՀԱՊԿ անվան տակ, եւ այդ իրավիճակում հարց է առաջանում՝ ինչպե՞ս է վերաբերվում Հայաստանը ռուսական այդ արկածախնդրությանը:

Պուտինը Հայաստանին ստիպել է հրաժարվել Եվրոպական միության հետ հասկանալի ու անայլընտրանք քաղաքական ու տնտեսական համագործակցությունից, նրան ներքաշելով մարգինալ ու քրեական փլուզվող բլոկ, որը կոչվում է եվրասիական: Այդպիսով դադարեցված ու փլուզված է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը, ինչը երկիրը կանգնեցրել է ահռելի սպառնալիքների առջեւ: Ռուսաստանը Հայաստանին դատապարտել է անօգնական, աղքատ, հետամնաց երկրի վիճակին, որը չունի տնտեսական ու սոցիալական հեռանկարներ:

Հայ երիտասարդության շրջանում առաջացել են Ռուսաստանի հանդեպ ատելության ու արհամարհանքի կայուն զգացումներ: Հայաստանի զինված ուժերում Ռուսաստանն ընկալվում է որպես թշնամի, եւ նույնիսկ ավանդաբար պրո-ռուսական կողմնորոշման ավագ սպաները հասկանում են, թե որքան անվստահելի ու վտանգավոր է Ռուսաստանը:

Սիրիայի հայ համայնքն ըստ էության ավարտվել է, եւ հայերն իհարկե ոչինչ չէին կարող դրան հակադրել: Բայց հայերը ցանցային ազգ են, որին խցկել են ռուսական ստորության աղբահորը, եւ նրանք կարող էին նշանակալի դեր խաղալ ռուսական էքսպանսիոնիզմին զգալի վնաս հասցնելու հարցում:

Իհարկե, այդ վնասի նպատակը կլինի ոչ թե վրեժն իրենց անպատված պատմական հայրենիքի համար, այլ Ռուսաստանի թուլացումը թեկուզ աշխարհքաղաքական ուղղություններից մեկում: Խոսքը Ռուսաստանին զսպելու երկարաժամկետ ռազմավարությանը մասնակցելու մասին է: Այդ ռազմավարությունը վերածնվել է եւ դառնում է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի եվրասիական ռազմավարության հիմքը:

Բացի այդ, դա չի կարող չհամատեղվել Թուրքիային զսպելու ռազմավարությանը, ինչն անիմաստ է բացառելը, եթե Թուրքիան ունի նույնպիսի էքսպանսիոնիստական նպատակներ, ինչ Ռուսաստանը: Պետք չէ մոռանալ, որ հայերն արդեն մեկ անգամ մասնակցել են ռուսների կայսրության փլուզմանը:

Ռուսների հանդեպ հայերի հիստերիկան փոխվում է ստրկական ենթակայությամբ, սակայն եկել է հասարակական առաջնահերթությունների սելեկտիվության ժամանակը: Հայերը չեն կարողանում մասնակցել սեփական ազգային դոկտրինների իրականացմանը, սակայն հաջողությամբ մասնակցում են այլ ազգերի ու հանրությունների դոկտրինների իրականացմանը:

Մենք տեսնում ենք ռուսների ֆանտազիաները, իսկ հայերն ընդունա՞կ են արդյոք ֆանտազիաների: Այդ մասին համենայնդեպս կարելի էր կրկին խոսել: Լավ կլիներ իմաստավորել, թե ինչ է պետք ձեռնարկել Ռուսաստանի իրական սպառնալիքներից պաշտպանվելու համար, որոնք աճելու են կայսրության վերականգնման հույսերի փլուզման հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել