Tert.am-ը գրում է․
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ռուս խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ պատրաստ է քննարկել Սիրիայի Սահմանադրության փոփոխությունների հարցն ու անցկացնել խորհրդարանական ընտրություններ: Այս մասին ռուսական «Ինտերֆաքսին» հայտնել ՌԴ պատվիրակության ներկայացուցիչ, Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Յուշենկոն:
«Հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել քննարկել Սիրիայի Սահմանադրության փոփոխությունները, ինչպես նաև անցկացնել ազատ խորհրդարանական ընտրություններ բոլոր այն քաղաքական ուժերի մասնակցությամբ, որոնց նպատակը Սիրիայի բարգավաճումն է»,- ասել է Յուշենկոն:
Բացի այդ, պատգամավորի խոսքով, Ասադը մեկնաբանել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները` զուգահեռներ անցկացնելով այն ամենի հետ, ինչ ներկայումս կատարվում է Սիրիայում:
«Չնայած երկրները տարբեր են, սակայն տեղի ունեցողի ճարտարապետը նույնն է: Ուկրաինայի ազգայնականներն ու «Իսլամական պետության» ահաբեկիչները մեկ կենտրոնից են կառավարվում»,- մեջբերել է Յուշենկոն Ասադի խոսքերը:
Հանդիպման ընթացքում Ասադը հրավիրել է ռուսաստանյան ընկերություններին մասնակցել Սիրիայի արդյունաբերական ու տնտեսական ներուժի վերականգնմանը, մասնավորապես` նավթի արդյունահանման եւ ազատված տարածքներում բնակավայրերի վերականգնման առումով:



