Tert.am-ը գրում է.

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը կարևորում է սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրափակիչ եզրակացությունը, սակայն շեշտում է, որ ամենակարևորը ժողովրդի դրական վերաբերմունքն է:

«Կարևոր է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, որպես բարձր որակավորում ունեցող մասնագետներից բաղկացած հանձնաժողով, հատկապես` սահմանադրական բարեփոխումների գծով, որտեղ հիմնավորում է, որ ժողովրդավարությունն ապահովեն հենց իրավունքի միջոցով, բայց ամենակարևորը մեր ժողովրդի դրական վերաբերմունքն է այս գործընթացում, որը մենք ակնկալում ենք դեկտեմբերի 6-ին»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա: 

Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է վերջնական եզրակացությունը՝  ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ և հաստատել է, որ ժողովրդավարության միջազգային չափանիշներին համապատասխանող փաստաթուղթ է: 

Իսկ թե հանրաքվեից առաջ նման եզրակացությունը չի ունենա իր ծանրակշիռ ազդեցությունը, Հովհաննես Սահակյանը նշեց, թե լրացուցիչ ծանրակշիռ ազդեցությունն այն ժամանակ էր, երբ Ազգային ժողովի կողմից նախագիծը հավանության արժանացավ մեծամասնության կողմից:

«Մինչև այդ, ցանկացած փաստաթուղթ կարող էր համարվել դեռևս փոփոխության ենթակա, հետևաբար, եթե այդ ժամանակ ԱԺ-ն իր վրա վերցնում է դրական արտահայտել վերջնական նախագծին և ուղարկել Վենետիկի հանձնաժողով, չեմ կարծում, որ այստեղ խնդիր կա և կարող է որևէ ազդեցություն ունենալ քարոզչության վրա»,- ասաց նա:

Հովհաննես Սահակյանը հույս հայտնեց, թե դա գուցե հիմք տա, որպեսզի նույն ոչ»-ի կողմնակիցները ևս  մեկ անգամ ծանոթանան առաջարկվող նոր սահմանադրությանը՝  բովանդակային առումով: «Նորից նշեմ, որ Վենետիկի հանձնաժողովը բարձր որակավորում ունեցող մասնագետների հանձնաժողով է, որը տալիս է եզրակացություններ, դա որևէ մեկի կողմից չէ, ոչ՝ «ոչ»-ի, ոչ «այո»-ի և ոչ էլ՝ ժողովրդի: Այս առումով իհարկե լավ կլինի, որ մեր «ոչ»-ի ճակատի ներկայացուցիչները բովանդակային քննարկման  կամ բովանդակային ոչ-ի կողմնակից լինեն, այլ ոչ թե ոչ ենք ասում, որովհետև այս իշխանություններ են ներկայացրել կամ՝ այս մարդիկ են»,- ասաց նա:

ՀՀԿ պատգամավորի խոսքով՝ նրանց հիմնավորումներն արհեստական է: «Փորձում են  այս երկրում առկա որոշակի սոցիալական լարվածության պայմաններում իրենց քաղաքական հարցերը լուծել: Պետք է մի փոքր լայն նայել, նեղ կուսակցական անձնական շահերից դուրս գան և այս  բարեփոխումները քննարկեն բացառապես մեր պետության, մեր ժողովրդի ապագային միտված, թե ինչ արդյունք կունենա և ինչպիսի ուղենիշ կորդեգրի այն այս փոփոխությունների արդյունքում առաջիկա 10 տարիների համար: Այս  տեսանկյունից պետք է դիտարկել սահմանադրական բարեփոխումները»,- ասաց նա:

Հովհաննես Սահակյանն ընդգծեց, թե «ոչ»-ի ճակատի հրապարակային խոսք ասողների հիմնական շեշտադրումն այն է, թե բովանդակային առարկում չունեն, և ընդամենը իշխանափոխության խնդիր են դնում: «Իսկ իշխանափոխության  հասնելու միակ ժողովրդավարական ձևը  Սահմանադրության միջոցով է, և այդ  բարեփոխումները՝ է՛լ ավելի մեծ շանս կտան, որպեսզի քաղաքական ուժերը և քաղաքական գործիչներն իրենց  թիմով գան իշխանության, ընտրեն կառավարություն, նախագահ և գնան առաջ»,- եզրափակեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել