Tert.am-ը գրում է.

Թե ի՞նչ սպասելիքներ կարող են լինել հոկտեմբերի 26-ին նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից ԼՂՀ ղեկավարների հետ, «Քաղաքական և միջազգային հետազոտությունների  հայկական կենտրոն»-ի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ կախված կլինի արևմտյան միջնորդների հաստատակամությունից:

«Թե  որքանով նրանք կստիպեն Ադրբեջանին ընդունել առաջարկվող միջոցները և նաև ՌԴ-ին ստիպեն, որ այդ հարցում խոչընդոտ չհանդիսանա»,- ասաց նա:

Մեհրաբյանը հիշեցրեց, թե համանախագահներից առանձնապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը  առաջարկել է վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացանել դիմակայության  գծի և հայ-ադրբեջանական սահմանի վրա:

«Հայտնի է, որ Ադրբեջանը տարբեր պատրվակներով փորձում է խուսափել նման պարտավորություններից: Նաև հայտնի է, որ ՌԴ-ն էլ  առանձնապես շահագրգռված չէ, որ այդ վստահության միջոցները ներդրվեն կոնֆլիկտի գոտում՝ շատ պարզ պատճառով, որովհետև  եթե ներդրվեն մեխանիզմներ, որոնք կբացառեն հետագա սրացումները, ապա այդ ժամանակ ՌԴ-ն կզրկվի  իր լծակից՝ շանտաժ անելու Հայաստանին պատերազմով: Մյուս կողմից Ադրբեջանն այլևս մոտիվացված չի լինի այդ աստիճան մեծաքանակ  զենք գնելու ՌԴ-ից»,-ասաց նա: 

Ըստ քաղաքագետի՝ համանախագահների մտահոգությունները ԼՂ հակամարտության հարցում ակնհայտ է. «Հայտնի է, որ համանախագահները մտահոգված են վերջին շրջանում իրավիճակի ծայրաստիճան լարվածությունից, դրա մասին նրանք հրապարակայնորեն հայտնել են, բացի այդ, նրանք մտահոգված են, որ բանակցային գործընթացն առաջ չի շարժվում: Եվ երրորդը՝ նրանք մտահոգ են այս իրավիճակի շարունակության  դեպքում իրավիճակը կարող է դառնալ անկանխատեսելի»: 

Հարցին, թե ինչպես է, որ ՌԴ-ն շահագրգռված չէ, երբ օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը հստակ նշել է, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստ են աշխատել ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, նշեց, թե դժվար է չհամաձայնել Կազիմիրովի  այդ մոտեցման հետ:

«Այո խաղաղ կարգավորման գործընթացն այսօր վիժեցնում է Ադրբեջանը, բայց պարոն Կազիմիրովն ուղղակի արձանագրում է, ինչպես ասում են, բժշկական փաստը, սակայն եկեք  չմոռանաք, որ Կազիմիրովը ներկայացնում է իր սեփական կարծիքը, որը հարգանքի  արժանի է, բայց Կազիմիրովը  չի ներկայացնում ՌԴ-ն ու չի ներկայացնում ՌԴ ներկա պահի շահերը»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել