Tert.am-ը գրում է.
ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը Tert.am-ի հետ զրույցում խոսելով ԼՂՀ հակամարտության կարգավորման մասին, ասաց, թե բացի ԵԱՀԿ-ի շրջանակներում խաղաղ կարգավորումից, ինչին պատրաստ չէ Ադրբեջանը, մնում են կարգավորման այնպիսի սցենարներ, ինչպիսիք են նոր պատերազմը և ստատուս-քվոյի պահպանումը:
-Պարո՛ն Մայիլյան, Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության թուլացումը եղավ միայն Սիրիայում Ռուսաստանի Դաշնության ռազմական ներկայությունից հետո: Այդպե՞ս է, թե` ոչ, եթե այո, ապա ինչո՞վ եք դա պայմանավորում:
-ԼՂՀ Պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, բայց համեմատաբար քիչ ինտենսիվությամբ։ Արձակված գնդակների ինտենսիվության անկումը կարելի բացատրել Ադրբեջանի առաջիկա խորհրդարանական ընտրություններով (նոյեմբերի 1-ին), և այդ երկրի Ազգային անվտանգության նախարարության ղեկավարության՝ քաղաքական ղեկավարության վերահսկողությունից դուրս գալու փորձով։
-ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Երևանում լրագրողների հետ զրույցում ասել էր, թե քանի դեռ չկա փոխըմբռնումը, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ առաջընթաց այս գործընթացում պետք չէ սպասել: Հետևաբար, ի՞նչ զարգացումների պետք է սպասել:
-Բացի ԵԱՀԿ-ի շրջանակներում խաղաղ կարգավորումից, ինչին պատրաստ չէ Ադրբեջանը, մնում են կարգավորման այնպիսի սցենարներ, ինչպիսիք են նոր պատերազմը և ստատուս-քվոյի պահպանումը։ Իսկ ստատուս քվոն կարող է պահպանվել տարածաշրջանում ուժային բալանսի պահպանմամբ կամ կարևոր դերակատարների կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչմամբ։
-Պարո՛ն Մայիլյան, վերջին շրջանում տարբեր հարթակներից հաճախակիացել են խոսակցությունները, որ միջազգային հանրությունը պետք է մտածի Ադրբեջանի նկատմամբ պարտադրանքի մասին: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանըշեշտել էր, որ ցանկացած սրացում հասունացնում է ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացի սկիզբը: Պարտադրա՞նքի միջոցով ենք հասնելու միջազգային ճանաչմանը:
-Իմ կարծիքով պաշտոնական Բաքուն պատրաստ չէ ճանաչել ԼՂՀ քաղաքացիների հիմնարար իրավունքները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյատևման իրավունքը։ Տարածաշրջանում խաղաղության պահպանման խնդիրը շարունակում է արդիական մնալ։ Նոր պատերազմը կանխելու համար հայկական պետությունները և սփյուռքի կազմակերպությունները պետք է ակտիվորեն գործի գցեն տարածաշրջանում խաղաղության պահպանման գործընթացի, այսպես կոչված, «երկրորդ տարբերակը», այն է՝ բանակցություններին զուգահեռ ԼՂՀ-ի միջազգայնորեն ճանաչումը։ Առաջին քայլերն այդ ուղղությամբ արդեն տարվում են։



